Թալիբները պատրաստակամություն են հայտնել՝ խստացնելու հարևան Տաջիկստանի հետ սահմանային անվտանգությունը
Աֆղանստանի թալիբների վարչակազմը հայտարարել է, որ պատրաստ է խստացնել հարևան Տաջիկստանի հետ սահմանային անվտանգությունը և համատեղ հետաքննություններ անցկացնել տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին տաջիկ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ափսոսանք է հայտնել և նշել, որ Քաբուլը պատրաստ է ուժեղացնել սահմանային ուժերի միջև համակարգումը՝ հավելելով, որ «նենգ տարրերի դեմ համատեղ միջոցառումները հրատապ անհրաժեշտություն են»։
«Իսլամական Էմիրությունը լիովին պատրաստ է ամրապնդել սահմանային անվտանգությունը, անցկացնել համատեղ հետաքննություններ և մասնակցել ցանկացած տեսակի համակարգման»,- ասել է Մութթաքին։
Նա հավելել է, որ վերջերս երկու երկրների միջև ձևավորվել է «վստահության մթնոլորտ», որը չպետք է խաթարվի։
Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները հայտնել էին, որ Աֆղանստանի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով նախորդ շաբաթվա ընթացքում զոհվել են 5 և վիրավորվել ևս 5 չինացի աշխատակիցներ։ Դեկտեմբերի 1-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը հրամայել է խստացնել սահմանային վերահսկողությունը տեղի ունեցած միջադեպերից հետո։
Չինաստանի դեսպանատունը հաստատել է զոհերի մասին տեղեկությունները և կոչ է արել Չինաստանի քաղաքացիներին լքել սահմանային գոտին։

