Մարթա Կոսը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է
Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նարատիվը։
«Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ: Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ, այ’ո, ես հավատում եմ: Ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և գիտեք, այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ»,- ասել է Կոսը։
Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ միմյանց երկրներ, ինչը նախկինում ուղղակի անհնար էր պատկերացնել։ ԵՄ բարձր հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաև Թուրքիայի դերակատարումը։
«Վաղը ես հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, մենք կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Դրսից հետևելով` դուք, գուցե, կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են: Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը երկու երկրների միջև, դա տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված: Եվ իմ կարծիքով, այո, դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս՝ ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը (խմբ․ նկատի ունի Հայաստանը) և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ: Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- եզրափակել է Մարթա Կոսը:
Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։

