Ռուբենսի 400 տարի կորած համարվող կտավը վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով
Ռուբենսի վաղուց կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 2.3 միլիոն եվրոյով․ գրում է Euronews-ը։
Բարոկկո ոճով ստեղծագործող ֆլամանդացի վարպետի Քրիստոսի խաչելությունը պատկերող նկարը թաքցված է եղել ավելի քան չորս դար։ Այն վերջերս հայտնաբերվել է Փարիզում՝ մասնավոր բնակարանում։
«Ես ի սկզբանե կանխազգացում ունեի այս նկարի վերաբերյալ, և արեցի ամեն բան, որպեսզի ուսումնասիրվի՝ արդյոք դա բնօրինակն է։ Եվ վերջապես դրա իսկությունը հաստատվեց Անտվերպենում Ռուբենսի կոմիտեի կողմից»,- AP-ին ասել է աճուրդավար Ժան-Պիեռ Օսենան:
«Օսենա» աճուրդի տունը հայտարարել է, որ կտավի իսկությունը հաստատվել է գիտական վերլուծությունից հետո։
Նշվում է, որ ներկի շերտերի մանրադիտակային ուսումնասիրությունը բացահայտել է ոչ միայն սպիտակ, սև և կարմիր գունանյութեր մարմնի հատվածում, այլև կապույտ և կանաչ գունանյութեր, որոնք Ռուբենսը սովորաբար օգտագործում էր մարդու մաշկը նկարելիս։

