Ռուսաստանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային
Ռուսաստանը շնորհակալ է Թուրքիային՝ Ուկրաինայի հետ բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար. այս մասին հայտարարություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
Նախորդ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ Ստամբուլում, և Թուրքիան այդ նպատակով կապեր է պահպանում Ռուսաստանի հետ։
«Մենք միշտ երախտագիտություն ենք հայտնում, և այս դեպքում շնորհակալ ենք թուրքական կողմին հյուրընկալության և ռուս-ուկրաինական բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար։ Մենք չենք մերժել այս ձևաչափը, Կիևի ռեժիմն է մերժել։
Հիշեցնեմ, որ նրանք հուլիսին դադարեցրել են բանակցությունները և չեն արձագանքել մեր կոնկրետ առաջարկներին, այդ թվում՝ ռազմական, քաղաքական և մարդասիրական հարցերով երեք աշխատանքային խմբերի ստեղծմանը, ինչպես նաև չեն արձագանքել պատվիրակությունների մակարդակը բարձրացնելու վերաբերյալ որևէ առաջարկի»,-ՌԻԱ նովոստի-ի փոխանցմամբ` ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

