Վենեսուելան արգելել է «Թուրքական ավիաուղիների» մուտքն իր երկիր
Վենեսուելան 6 ավիաընկերության, այդ թվում՝ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության մուտքն իր երկրի տարածք արգելել է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընկերությունները մեղադրվում են «պետությունն ահաբեկելու ԱՄՆ-ի պլանին աջակցելու» մեջ։
Մասնավորապես նշվում է, որ Վենեսուալեայի նման քայլը կապված է ԱՄՆ հնարավոր ռազմական գործողությունների ֆոնին ավիաուղիների կողմից դեպի Կարակաս իրականացվելիք թռիչքների դադարեցման հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Վենեսուելայի միջև հետզհետե սրվող լարվածության ֆոնին «THY»-ն նոյեմբերի 24-ին հայտարարել էր դեպի Վենեսուելա իրականացվելիք թռիչքները 4 օրով դադարեցնելու մասին։
Որոշման հիմքում ընկած է եղել ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության (FAA) նախազգուշացումը՝ Վենեսուելայի օդային տարածքի վերաբերյալ «ռազմական ակտիվության աճի» և «անվտանգության ռիսկերի» վերաբերյալ։

