Հովհաննավանքի տապալված ակցիան Նիկոլին ցույց է տվել, որ Մայր Աթոռի հարցը չի կարող բլից-կրիգով լուծել․ Նաիրա Զոհրաբյան

«Ակնհայտ է՝ Նիկոլն ընտրել է եկեղեցին ներսից կազմաքանդելու մարտավարությունը։ Իր նախնական մարտավարությունը՝ բլից-կրիգով եկեղեցու հարցը լուծելը՝ Մայր Աթոռը գրոհով վերցնել, Վեհափառին կալանավորել, Հովհաննավանքի տապալված ակցիան ցույց տվեց, որ հնարավոր չի լինելու իրականացնել, ուստի ընտրել են տարբեր տեղերում տերարամներ գտնելու տարբերակը»,- 168․am-ի հետ զրույցում նշեց հանրային ու քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա առաջնորդի դեմ մեկնարկած իշխանական արշավի վերջին օրերի դրվագներն ամփոփելով։

Հովհաննավանքում կիրակնօրյա արարողակարգերին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նմանատիպ այլ արարողակարգեր Թալինում, Խաչիկում, իսկ նախօրեին՝ Արարատում։

Նաիրա Զոհրաբյանը ցավով արձանագրեց, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն ամեն շաբաթ գտնում է մի «տերարամի»։

«Պարզվեց, նրանց թիվն էլ քիչ չէ․ նաև կաթողիկոսի հոգեզավակ Գևորգ Սրբազանը, ըստ էության ևս, համալրեց տերարամների շարքը։

Կարդացեք նաև

Տեր Զարեհի գրառումից պարզաբանվեց՝ ինչ-ինչ կոմպրոմատներ են գործադրվել, բայց դա ինձ առանձնապես քիչ է հուզում, որովհետև հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն իր խնդիրը լուծելու համար ոչ մի բանի առջև կանգ չի առնելու, բայց ես համաձայն եմ դիտարկման հետ, որ եթե անգամ անբարո կոմպրոմատներ են գործի դրվում, շատ ավելի արժանապատիվ է հոգևոր ծառայությունից հրաժարվել, քան ձեռք սեղմել»,- հավելեց քաղաքական գործիչը։

Այս համատեքստում նրան զարմացրել էր Բալթյան թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի կողմից՝ Արշակ սրբազանի կուսակրոնության ուխտը խախտելու առնչությամբ հանձնախմբին միանալու տեղեկությունը։

«Առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, որն ըստ մամուլի հրապարակման (ես չտեսա որևէ հերքում, կամ լրատվամիջոցին պատասխանատվության կանչելու ակտ այս առնչությամբ)՝ ունի կին և որդի, միացել է տերարամներին և դատապարտում է՝ իբր Վեհափառի ու Արշակ սրբազանի կուսակրոնության ուխտը խախտելը»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ Փաշինյանն արագացնում է իր օրակարգը, և խնդիր է դրված մինչև դեկտեմբեր իրենց սցենարով ազատել Վեհարանը, ու այս իրավիճակում նա ակնկալում է տեսնել քաղաքական ուժերի միասնական գործողությունների պլան։

«Հայտարարություններից զատ՝ պետք է հստակ աջակցություն․ որպեսզի Վեհափառն իրեն ավելի ամուր զգա, աշխատանք կա, որ պետք է տարվի, և այն պարտադիր չէ, որ լինի հրապարակային։

Սա պետք է լինի նաև Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների խնդիրը․ ես չեմ ուզում անգամ պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե «Կյանքի խոսք»-ի կամ «Եհովայի վկաներ»-ի առաջնորդին հալածեին․․․ առավոտից գիշեր փողոցներում կլինեին նրանց հետևորդները, իսկ մենք տեսանք, որ երբ կալանավորում էին, օրինակ, Միքայել Սրբազանին, ինչքան մարդ կար հաջակցություն նրա»,- հավելեց նա։

Ամեն դեպքում, Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ եթե նույնիսկ Փաշինյանին հաջողվի իր վատթարագույն սցենարն իրագործել, անգամ կալանավորել Վեհափառ Հայրապետին, ապա նրան չի հաջողվի Վեհափառից խլել նրա կոչումը, չի հաջողվի հաղթել Մայր եկեղեցուն, ինչպես և չի հաջողվել օտար նվաճողներին։

«Խնդիրը միասնական ճակատ ստեղծելն է․ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, ու մեզ միասնական է պահել մեր եկեղեցին։ Եկել է պատմության մի սև ժամանակահատված, երբ քաղաքական ուժերը պետք է տեր կանգնեն մեր հավատին»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս