Ռոնալդուն և Մասկը մասնակցել են Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին
Ֆուտբոլային գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն մասնակցել է Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքին։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Միջոցառումից առաջ ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ իր համար պատիվ է հյուրընկալել Ռոնալդուին։
«Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագու է», – ընթրիքի ժամանակ դիմելով պորտուգալացի ֆուտբոլիստին՝ հայտնել է Թրամփը։
2023 թվականի սկզբին Ռոնալդուն տեղափոխվել է Սաուդյան Արաբիա՝ դառնալով Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի դեմքը և «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի ավագը։
Ընթրիքին ներկա էր նաև ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, որը միացել է այլ ազդեցիկ բիզնես առաջնորդների, այդ թվում՝ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին։
Թրամփն ընթրիքի ժամանակ նշել է, որ Սաուդյան Արաբիան «ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակից» է։ Ավելի վաղ Թրամփն Օվալաձև աշխատասենյակում հյուրընկալել էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգին։

