Ռոմանոս Պետրոսյանը պարտավոր է ՀԷՑ–ի ֆինանսական կայունությունը ապահովել. ՀԾԿՀ
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցումից հետո ընկերության ֆինանսական կայունությունը չի խաթարվել. այս մասին ասվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Կառույցը հայտնել է, որ օրենքի պահանջով ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։
Հայտնել էինք, որ նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ–ն դադարեցրեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։
«Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը»,– նշել է ՀԾԿՀ–ն։
Նշենք, որ հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։

