Վաղարշապատի ընտրությունները տեղային նշանակության ընտրություններ չեն. դրանք համապետական նշանակություն ունեն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վաղարշապատում կայանալիք ընտրություններին ընդամենը մեկ օր է մնացել։ Վերջին օրերին իշխանություններն ամեն ինչ արել են այդ ընտրությունների «ձայնը իջեցնելու» համար։ Այդ խնդիրը լուծելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առել։
Նույնիսկ իրենց համար կենսական նշանակություն ունեցող եկեղեցու հարցի «քարոզչական լոկացիան» են Էջմիածնից Հովհաննավանք տեղափոխել, որպեսզի Վաղարշապատը հանկարծ քաղաքական օրակարգի թեմա չդառնա։ Դա արել են մեկ պարզ պատճառով՝ շեղել հանրության ուշադրությունը, որպեսզի կարողանան գողանալ Էջմիածինը ժողովրդից։
Իրենք լավ գիտեն, որ արդար ընտրություններում ոչ մի շանս չունեն։ Այսօրվա հավաքն էլ դրա ապացույցներից է։ Հետևաբար իշխանությանը ոչինչ չի մնում, քան գնալ խաբեության և գողության ճանապարհով։ Եվ այդպես էլ անելու են։
Վաղարշապատցիները սա պետք է լավ հասկանան։ Ընդդիմությունը՝ առավել ևս։ Ուստի մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ՔՊ-ն չկարողանա կյանքի կոչել իր ծրագրերը։ Սա չափազանց կարևոր խնդիր է։ Կարևոր է ոչ միայն Վաղարշապատի, այլև ողջ երկրի համար։
Վաղարշապատի ընտրությունները տեղային նշանակության ընտրություններ չեն։ Դրանք համապետական նշանակություն ունեն։ Արժեքային նշանակություն ունեն։ Պատվարժան պագային միտված նշանակություն ունեն։
Այո, առանց չափազանցության կարող եմ ասել, որ Հայաստանի ապագան այսօր զգալիորեն կախված է վաղարշապատցիների՝ իրենց ձայներին տեր կանգնելու կարողությունից։ Նաև ընդդիմության։ Նաև անաչառ դիտորդների։ Նաև լրատվամիջոցների…
Ես մեծ հույս ունեմ, որ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի մեր հայրենակիցները կկատարեն այդ կարևոր քայլը և մեր Հայրենիքի Սիրտը, հոգևոր կենտրոնը կազատագրեն նիկոլներից։ Փառք Աստծո, այդ գործը գլուխ բերելու համար նրանք հրաշալի թեկնածու ունեն։ Խաչիկ Մանուկյան։ Համար 8։
Անցած շաբաթների ընթացքում ուշադիր հետևել եմ քարոզարշավին և հատկապես Խաչիկ Մանուկյանի՝ չափազանց կշռադատված և դրական իմաստով ծանր խոսքին։ Նա խոստումներ շաղ տվող չէ։ Ոչ էլ պոպուլիզմով մարդկանց սրտեր շահող։ Նա նվիրումի, հավատքի, արժեքների ու վստահության առաքյալ է։
«Իրար որ հավատանք, մի լավ բան հաստատ կանենք», – վաղարշապատցիներին անընդհատ ասում էր Մանուկյանը։
Ու վստահաբար կանի։ Կասկած չունեմ։ Դրա համար Վաղարշապատ խոշորացված համայնքի իմ ընկերներին, հարազատներին, պարզապես ինձ վստահողներին խորհուրդ եմ տալիս ու հորդորում՝ գնացեք ընտրության և քվեարկեք Խաչիկ Մանուկյանի օգտին։
Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չցանկանաք այդպես վարվել, ապա կա նաև Սևակ Խաչատրյանի թեկնածությունը։
Գնացե՛ք անպայման ընտրության և ցույց տվեք նիկոլներին իրենց իրական տեղը նախ Վաղարշապատում, ապա՝ ողջ Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս