ՎՐԵՆ ՎԻՃԱԿ ՉԿԱՐ, ԱՍԵՑ՝ ՄԵՆԱԿ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐԱ ԿԱՆԳՆԱՑՆԻ. ԱՍԵՑԻ՝ ԴԵ ԳՆԱ, ԽՆԴՐԻ… ՀԼԸ ԻՇԽԱՆՆ ԷԼ ԱՍԵՑ՝ ՔԵԶ ԹԱՓ ՏՈՒՐ, ԴՈՒԽՈՎ ԳՆԱ, ԷԴ ՎԻՃԱԿՈՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՉԲԱՆԱԿՑԵՍ. ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Փաշինյանին թվում է, որ իր սափրվելու հետ միասին՝ մաքրվում է ժողովրդի հիշողությունը, ու սխալ թվաց։ Ինքն իրեն հարցեր չունի, հանրային-քաղաքական շրջանակները, հասարակ քաղաքացիներն իրեն շատ հարցեր ունեն։ Այս իմաստով Սերժ Սարգսյանի հարցազրույցը սառը ցնցուղ էր, ռեսթարթ տվեց այն հարցին, որ Արցախի էջը փակված չէ, ու բնական է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի ցնցումների մեջ ընկներ։
- Փաշինյանն «իզմ»-եր չունեցող մարդ է, ապրում է 24-ժամյա ռեժիմով, լուր է սարքում, հաշվում դրա լայքերը, ու իրեն թվում է՝ ինքը պետք է օրակարգ թելադրի, և նախագահ Սարգսյանի հարցազրույցն իշխանությունից օրակարգ խլելու վառ օրինակ էր։ Ու այն, որ լույսը չբացված՝ Փաշինյանը Ֆեյսբուքում ստատուսը ստատուսի հետևից՝ արձագանքում էր Սերժ Սարգսյանին, արձանագրումն էր այն բանի, որ ՀՀ 3-րդ նախագահն օրակարգը վերցրել էր նրա ձեռքից. ցնցումների մեջ են ընկել։
- Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովին Փաշինյանը չի պատասխանում՝ վատ, խղճալի դրության մեջ չհայտնվելու համար, որովհետև երբ Ալիևին պատասխանել է, շատ տխուր վիճակում է հայտնվել։
- Պրոբլեմը սկսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց անմիջապես հետո Արցախում բանակցությունների ֆորմատ փոխեց, երբ ասաց՝ Արցախը պիտի մասնակցի բանակցություններին։ Երբ ձևաչափի փոփոխություն ես անում, քարտ-բշանշ ես տալիս Ադրբեջանին, որ ինչ ուզենա՝ անի։ Հայաստանը մինչև պատերազմը սկսելն արդեն իսկ Փաշինյանի գործողությունների արդյունքում պարտված էր։ Նիկոլ Փաշինյանն էյֆորիայի տակ կամ միգուցե միտումնավոր ուլտիմատում էր ներկայացնում Մինսկի խմբի համանախագահ երկրներին։
- Երբ նա հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», դա ներքին լսարանին չէր ուղղված, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։ Նա այդ ձևով անուղղակի մերժեց բանակցությունների առաջարկը, մի փաստաթուղթ, որը 2019-ին դրվել էր նրա սեղանին, և որի մասին ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Պոպովը։
- Նիկոլ Փաշինյանն ինքն է 2020թ․Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ըստ որի՝ Արցախը մնում էր հայկական, հանրաքվեն պարտադիր ուժ էր ունենալու, և ԼՂ կարգավիճակը պետք է որոշվեր համընդհանուր հանրաքվեով, և, որ այդ հանրաքվեի թեման ոչ մի բանով սահմանափակված չէր լինելու։ Բացի դրանից, Նիկոլ Փաշինյանն ինքն է 2 անգամ հրապարակային հայտարարել, որ ամենապրոդուկտիվ բանակցային փաստաթուղթը Կազանյան փաստաթուղթն էր։ Կազանյան փաստաթուղթն ո՞ւմ օրոք էր բանակցվել… Նիկոլի՞։

- Նիկոլը չէ՞ր Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասել, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն ասել են, որ Ալիևն ընդունել է, որ Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմում չի լինելու։ Եթե Արցախն արդեն նախկինները տվել էին, ինքը, իր տիկինն ու իր ամբողջ սվիտան շաբաթը մեկ ուղղաթիռով ի՞նչ գործ ունեին Արցախում, ո՞նց էր ինքը Շուշիում ինագուրացիա անում, ո՞նց էր որդուն ուղարկում Արցախ, ո՞նց էր իր ԱԺ նախագահը ղեկավարում Արցախ-Հայաստան բարեկամության խումբը։ Կամ եթե Սերժ Սարգսյանի բանակցածը վատն էր, դու չե՞ս ասել, արա՛, ես սկսում եմ իմ բանակցային կետից, իսկ դա նշանակում է, որ դրանից հետո ինչ եղել է, քո պատասխանատվության ներքո է։
- Նիկոլ Փաշինյան, դու ես 2020թ․ նախ ընթերցել Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, ապա ասել՝ երբ ուզենաս, կվերադառնաս այդ փաստաթղթին, դե վերադարձի՛ր։
- Ես ծանոթ եմ 2019թ․ բանակցային փաստաթղթին։ 2021թ․ հունվարի 13-ին Պոպովը գաղտնազերծել է այն։ Նա ասել է, որ ՄԽ համանախագահ երկրները չեն առաջարկել հենց այնպես տարածքներ հանձնել, Արցախը ստանում է միջանկյալ կարգավիճակ, Արցախի կառավարումն իրականացնում են Արցախի իշխանությունները, 5 շրջանները հանձնվում են, տեղակայվում են խաղաղապահ ուժեր, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում են, նրանց հարցը որոշվում է հանրաքվեով, Արցախը Հայաստանի հետ Լաչինով անխափան կապ պետք է ունենար, Արցախն իրավունք էր ունենում անդամակցել այն բոլոր միջազգային կազմակերպություններին, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկիր լինելը պարտադիր չէ։
- 2020թ․ հոկտեմբերի 12-ին Փաշինյանի մոտ էինք։ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Հադրութը հանձնված է, Փաշինյանն ասաց՝ չկա տենց բան, Իշխան Սաղաթելյանն ասաց՝ ես պնդում եմ, որ տրված է Հադրութը։ Կանչեց իր աշխատակազմի ղեկավար Աղաջանյան Էդուարդին, գնացին, մի կես ժամ հետո եկան, խուճուճ մի բան ասացին՝ թե իբր Հադրութը հանձնված է, բայց գյուղերում մարտեր են ընթանում։ Նման մի բան։ Ես ասել եմ այդ օրը, որ պատերազմի մեջ մեղավոր է ինքը՝ իր հակապետական գործունեությամբ, բայց այս պահին դադարեցնում ենք մեր ընդդիմադիր գործունեությունը ու ամեն ինչ կանենք, որ հաղթենք այդ պատերազմում։ Ասել եմ՝ ամեն ինչի պատասխանատուն դու ես՝ հաղթանակն էլ է քոնը, պարտությունն էլ է քոնը, պետությունն ինչ կասի՝ կանենք։
Հարցրել եմ՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը, ասել է՝ Ռուսաստանը, որովհետև Ֆրանսիան ուզում է, բայց ազդեցությունը չի հերիքում։ Ես էլ ասել եմ՝ գնա՛, խնդրի՛ր Պուտինին, թող դադարեցնի պատերազմը։ Ո՛չ այո ասաց, ո՛չ՝ ոչ, ու գնաց։ Հոկտեմբերի 19-ին էլի կանչեց։ Մեզ թվաց՝ համաձայն է ստեղծել մի մարմին՝ կազմված նախկին նախագահներից, ԱԳ նախարարներից կազմված, ովքեր պետության այդ ծանր պահին կարող են օգնել, իրավիճակի մեջ բեկում կարող են մտցնել։ Բայց այդ օրը ես նրան տեսա սարսափելի իրավիճակում, շատ վատ հոգեվիճակում։ Ասաց՝ Պուտինը զանգել է, ասել՝ կարող է կանգնեցնել պատերազմը, Ալիևը համաձայն է, ես էլ եմ համաձայն։ Ասել եմ՝ ի՞նչ առաջարկ կա, ասել է՝ սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում ասել եմ՝ 5+2, Լավրովի պլանի մոդիֆիկացված տարբերակը, այլ տարբերակ չի քննարկվել։
Հիմա ասում եմ՝ այդ օրը Փաշինյանի ասած 5+2-ի մեջ Հադրութ, Շուշի ու Ստեփանակերտ չէին մտնում։ Արա, բա էդ օրը բոլորիս ասել էիր՝ բացառապես Ռուսաստանի շնորհիվ է, որ Ադրբեջանն ամբողջ Արցախը չի գրավել, բա ի՞նչ եղավ։ Հոկտեմբերի 19-ին մեզ ասում ես՝ համաձայնել ես դադարեցնել պատերազմը, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, ասում ես՝ կասկա-բան հավաքեք, գնացեք պատերազմ… Հլը էդ օրն Իշխան Սաղաթելյանն էլ ասաց՝ քեզ թափ տուր, հավաքի, դուխով գնա, էդ վիճակով չգնաս բանակցությունների… Ես էլ ասել եմ՝ մենք քեզ 42 000 ք/կմ երկիր ենք փոխանցել, մտածիր՝ դու քեզնից հետո ի՞նչ ես փոխանցելու։
Հետո արդեն նոյեմբերի վերջում Պուտինն ասաց՝ Փաշինյանը հրաժարվեց կանգնեցնել պատերազմը, երբ Արցախն աննշան տարածքային կորուստներ ուներ դեռ։ Նկատենք նաև, որ եթե այդ ժամանակ կանգնեցներ պատերազմը, 2.500 զինվոր իր ընտանիքի կողքին կլիներ…
- Ասում է՝ Ղարաբաղը թոկ էր Հայաստանի վզին, ու ամեն ինչ արեց, որ այդ թոկը կտրի։

- Հիշում եք՝ երբ Ուկրաինան համաձայնել էր դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը գնաց Կիև ու թույլ չտվեց դա անել։ Ինձ թվում է՝ նման մի բան էլ այստեղ է եղել։ Հավաքական Արևմուտքը թույլ չի տվել դադարեցնել պատերազմը, ինչպես որ նույն հավաքական Արևմուտքն այստեղ 2018թ․գունավոր հեղափոխություն արեց։
- Ընդդիմադիրներին սարքել են ռուսական ազդեցության գործիչներ, երբ իր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենցից պրոռուսական իշխանություն չի եղել, իսկ Փաշինյանը Պուտինին նայում էր այնպես, ինչպես Աֆրոդիտեն՝ Զևսին։
- Պուտինը Նիկոլ Փաշինյանին փրկեց և այն ժամանակ, երբ ասաց՝ նա դավաճան չէ, և դրանից հետո՝ 2021թ․ Դիմադրության շարժման ժամանակ ու դրանից հետո։
- Սերժ Սարգսյանի գործունեության արդյունքներից մեկը Նիկոլի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևի այն հայտարարությունն էր, թե «փակ դռների հետևում ինձնից պահանջում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը», իսկ Փաշինյանին ինչ հրամայում է՝ անում է։
- Ասում է՝ զենք ունեմ․ զենք ունես, գնա, Ադրբեջանի՝ 240 կմ օկուպացրած տարածքներդ ազատիր։ Ես ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանն ատոմային զենք էլ ունենա, մեկ է, պարտվելու է թուրքերին։
- ՔՊ-ի մոտ խուճապ է։ Ալիևն ինչո՞ւ պիտի պատերազմի Նիկոլի դեմ, ինչ ասում է՝ սա անում է։ Ալիևը պատերազմի է պատրաստվում ՀՀ-ում ազգային ուժերի դեմ։ Իրենք էլ իրենց հետախուզության տվյալներն ունեն, չէ՞, ասում են՝ Նիկոլը վարկանիշ չունի, վիճակ չունի, բա որ չվերընտրվեց… Այ դրա համար է զինվում Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն։ Ինքն էլ է դա հասկանում, Ալիևն էլ, Էրդողանն էլ։ Դրա համար շտապում են։ Դեռ տալու բան կա։ Նիկոլը, բացի տալուց, ուրիշ բան կարողանո՞ւմ է անել։
- Հայաստանի Հանրապետության թիվ մեկ խնդիրը եղածը պահելն է, իսկ Փաշինյանով դա անհնար է։
- Հայաստանում ամեն ժամ կարող է բան փոխվել․ այսօր լռություն է փոթորկից առաջ։ Մեզ պետք է բոլոր օրինական եղանակներով ազատվել Փաշինյանից։
- Դավիթ Համբարձումյանի կալանավորումը քաղաքական պատճառներով էր։ Ոչ մի ապացույց չկա, որ Դավիթ Համբարձումյանը հանցանք է գործել։ 3 ամիս ավել տվեցին, որ գաղութում լինի 4 անչափահաս երեխաների հայրը, Մասիս համայնքում մեծ հարգանք վայելող մարդը։
- Զարմանալի չէր, որ գունավոր հեղափոխություն անելիս Նիկոլի կողքից քայլում էր քաղհասարակությունն ու ամեն ինչով աջակցում, ավելի զարմանալի էր, որ իշխանության ներսից են նրան պաշտոն խոստացել։

- Մեր իշխանությունը չի եղել սրբերի իշխանություն, բայց, այո՛, կրկնում եմ՝ 2018թ․ Հայաստանում եղել է գունավոր հեղափոխություն, որի գլխավոր շահառուները եղել են հավաքական Արևմուտքը, ինչպես նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Այդ մասին առնվազն 2 անգամ ասել է Ալիևը։
- Նիկոլ Փաշինյանը փորձելու է իր բոլոր հակառակորդներին կամ կալանավորել, կամ մասնակի չեզոքացնել։ Եթե ուղիղ եթերում ինձ 1000 հոգի իշխանությունից ծեծեն ու կալանավորեն, Արևմուտքը ձայն չի հանի։
- Ժողովուրդը պետք է դուրս գա հուսահատությունից։ Նոր առաջնորդություն կա, կա Սամվել Կարապետյան։ Մեզ կոռուպցիոներ եք ասում, Սամվել Կարապետյանի՞ն ինչ եք ասելու։ Միլիարդատեր, բարերար մարդ է, իր ամբողջ եղած-չեղածը դրել է իր երկրի ու պետության համար։ Նրա՞ն ինչ եք ասում։
Մանրամասները՝ տեսանյութում։



