Ամեն մի եղունգ՝ սեփական գլխի համար. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Եթե մարդը ազգությամբ իբր հայ է և եկել է Երևան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց՝ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ:
1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ, այդ թվում պարոն Կուրղինյանի «հակառակորդ» Միացյալ Նահանգները, հնարավորություն ունեին ճշմարտությունը արձանագրելու (թեկուզ տիեզերքից), և եթե ռուսական որևէ ստորաբաժանում մասնակցեր Ղարաբաղյան պատերազմին, ապա այդ երկրները, վստահ եմ, չէին լռելու:
Որպես այս պատերազմը լուսաբանած լրագրող՝ կարող եմ հավաստիացնել, որ իմ գործուղումների ժամանակ որևէ ռուս զինվորի չեմ հանդիպել: Եվ հակառակը՝ երբ «ադրբեջանական» տանկերը ներխուժեցին Շահումյանի շրջան, անտառներով Հաթերք փախած բնակիչներից շատերը ինձ պատմում էին, որ այդ տանկերի ղեկին ամենևին էլ ադրբեջանցիներ չէին:
Սերգեյ Կուրղինյանը, իհարկե, խելացի մարդ է, նրան հետաքրքիր էր լսել, թեև, անկեղծ ասած, մտքի տիտանի տպավորություն էլ նա չի թողել: Ես վստահ չեմ նաև, որ նա Պուտինի «հատուկ բանագնացն» է, որը եկել է Հայաստանի ղեկավարությանը ինչ-որ «մեսիջներ» փոխանցելու:
Որքան հասկանում եմ, այդպիսի մեսիջներ ասուլիսների միջոցով չեն փոխանցվում: Ուրիշ հարց, որ նա արտահայտում է ռուսաստանյան կայսերապաշտական որոշ շրջանակների կարծիքը: Այդ կարծիքը պետք է ընդունել ի գիտություն՝ չհամարելով այն մեր բարեկամ երկրի վերնախավում առկա միակ տեսակետը և, ամենակարևորը՝ չկառուցելով սեփական վարքագիծը միայն այդ կարծիքի (ըստ էության, տվյալ դեպքում՝ սպառնալիքների) հիման վրա:
Ելակետը, ինձ թվում է, պետք է լինի այն, որ աշխարհի ոչ մի երկիր շահագրգռված չէ, որ մեր պետությունը կայանա: Եվ այդ առումով մենք ունիկալ չենք. ամեն մի պետություն աճեցնում է իր եղունգը՝ բացառապես սեփական գլուխը քորելու նպատակով:
Այստեղից ելնելով՝ ցանկացած պետության հետ պետք է հնարավորինս համագործակցել՝ դրա համար վճարելով պատշաճ գին՝ ոչ ավել, ոչ պակաս: Ամենասխալ բանն է՝ ենթադրել, թե մեզնից ինչ-որ հավելյալ գին են պահանջում: Մենք ամենևին պարտադրված չենք ընդօրինակել Ռուսաստանի ծայրահեղ կոռումպացված և խիստ ավտորիտար համակարգը կամ բացել ռուսական դպրոցներ: Ով Հայաստանում դա անում է, ելնում է բացառապես սեփական շահերից:
Ոչ ոք մեզ չի ստիպում մտնել գոյություն չունեցող Եվրասիական միության կամ Մաքսային միության մեջ: Հանգիստ, առանց «եղբայրական» էմոցիաների մտածենք՝ դա մեր պետությանը օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս:
Մյուս կողմից՝ ոչ ոք մե չի ստիպում գրանցել միասեռական ամուսնությունները: Ով այդպիսի հեռանկար է ներկայացնում, պարզապես մոլորեցնում է հասարակությանը և ցանկանում է թյուր պատկերացում ստեղծել Եվրոպայի մասին: Որևէ երկրի, որևէ բևեռի կամ նույնիսկ որևէ արժեքի հանդեպ կույր պաշտամունքը կամ կույր ատելությունը միևնույն գավառամտության դրսևորումն է»: