Այդ նույն թշնամին վայրագ հողմի պես կկորչի մեր Արցախից, եթե մենք վերգտնենք մեզ, և վանենք մեզանից վախն ու «կաղկանձող խաղաղության» տենչանքը… Գրիգորի Պողոսյան

Գրիգորի Պողոսյանը գրում է. «Հինգ տարի…

Հինգ տարի է անցել այն նզովյալ օրվանից, որն իմ և շատ ու շատ այլ Հայերի կյանքի հիմնական բաժանարարը հանդիսացավ։ Այդ օրը Հայերի կյանքում փոխեց ամեն ինչ, իսկ ապազգային տարրերի կյանքում՝ գրեթե ոչինչ։ Տղերքի վրա հողը դեռ չէր սառել, երբ «գործարար խանումները» Պոլսի չվերթով մեկնեցին «գործի», Անթալիայի կամ Իզմիրի ափերին թլպատված «սովդաքար տղերքն» էլ սկսեցին մշակել «Գյանջայի նռան» ու «Բաքվի ասետրինայի» հետ կապված բիզնես պլանները։ Հետո «իշխանական» շուրթերին Արցախը դարձավ Ղարաբաղ, այն էլ՝ ադրբեջանական։

Սա սովորական պարտություն չէր։ Սա մեր հերթական Ավարայրն էր, որի ընթացքում մեր ուժերը Վասակ Սյունու հրամանատարության տակ էին, իսկ բանակին հրամայված էր չանցնել Տղմուտ գետը։ Սա մի ազգային խայտառակություն էր՝ գծագրված ու գործադրված մի դավաճանի կողմից։ Այս պարտության հետևանքով մեր պատիվն ու արժանապատվությունն իրենց հետ Եռաբլուր տարան նրանք, ովքեր արժանի էին այդ պատվին, իսկ մեզ մնաց մի մոլագար դավաճանի քրքիջ ու անբարոյականության այն թունավոր սարդոստայնը, որ արդեն հինգ տարի պատել է մեր Հայրենիքի այս վերջին պտղունցը…
Եվ հիմա՝ հինգ տարի անց, մի գաղափար կա, որ նորեն պիտի Հայի հոգում հարություն առնի. հաղթական ազգի գաղափարն ու հաղթական ոգու թռիչքը։ Մենք չենք պարտվել, մենք պարզապես ծախվել ենք։ Եվ վախենալու ոչինչ չկա։ Այդ նույն թշնամին վայրագ հողմի պես կկորչի մեր Արցախից, եթե մենք վերգտնենք մեզ, և վանենք մեզանից վախն ու «կաղկանձող խաղաղության» տենչանքը…»։

Տեսանյութեր

Լրահոս