Հացահատիկ և տեսարաններ. Ողբերգական

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են զուգահեռ հակադրությունների ռեժիմում: Գրեթե նույն պահերին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, ժամանակային համընկնումներով հանդերձ, հակադիր են բովանդակությամբ:

Ադրբեջանի ղեկավարը Սևանն անվանում է «Գյոկչա», Հայաստանի ղեկավարը՝ հաջորդ օրը  երեքհազարամյա Արցախը նույն հարթության մեջ է դնում «Բասարգեչարի» հետ:

Ալիևը խոսում է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» անխուսափելիության և իրավունքների մասին, Հայաստանն անվանում ադրբեջանական տարածք, հայերին՝ քոչվոր, և նույն հայերին հորդորում է չվախենալ ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալուց, Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրը հայտարարում է՝ արցախահայերի վերադարձը վտանգավոր է ու կարող է վնասել «խաղաղությանը»:

Ալիևը Բաքվում դատում է Արցախի հայկականության համար պայքարած  ԼՂՀ ղեկավարներին ու մյուս ռազմագերիներին, Փաշինյանը՝ ոչ միայն վերադարձրել է ադրբեջանական վարձկաններին, այլև Երևանում դատում է, այդ թվում՝ արցախահայերի վերադարձի իրավունքի համար միջազգային հարթակներում պայքարող Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներին:

Կարդացեք նաև

Ալիևն անվանարկում է Հայաստանն ու «հայկական սեպարատիզմը», հաջորդ օրը Փաշինյանը հերթական անգամ շնորհակալություն է հայտնում նրան՝ ղազախական/ռուսական հացահատիկն Ադրբեջանի տարածքով Հայաստան առաքելու համար:

Մեկ այլ զուգահեռ հակադրություն է այն, որ Հայաստանի դեմ բոլոր հայտարարություններն Ալիևը հնչեցնում է իր երկրի Գիտությունների ակադեմիայից, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան փաստացի լուծարած Փաշինյանը նրան պատասխանում է իր «ֆեյքերի ՊՈԱԿ-ի» հետ փոխկապակցված ինչ-որ կենտրոնից:

Զուգահեռ հակադրությունների կամ հակադիր զուգահեռությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք փոխպայմանավորում են իրար: Եվ հակադրությունները ոչ թե Ալիևի ու Փաշինյանի, այլ Ալիևի ու Հայաստանի, Ադրբեջանի ու հայ ժողովրդի միջև են: Եվ հակառակը՝ Փաշինյանի հայտարարությունները կատարյալ ներդաշնակության մեջ են ոչ միայն Ալիևի, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի, նրա եղբայրական թուրք ժողովրդի ցանկությունների ու երազանքների հետ:

Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների համատեղ հակահայկականության դեմ կարող է և պետք է ընդվզի միայն հայ ժողովուրդը: Ադրբեջանի տարածքով տարանցումը գովազդելու այս արշավը, ահա, տպավորություն է թողնում, որ կիրառվում է «հացահատիկ և տեսարաններ» հավերժական մոտեցումը՝ հացը՝ Ալիևից, տեսարանները՝ Փաշինյանից սկզբունքով: Իսկ տեսարանները վերջինիս ոչ միայն տարերքն են, այլ նաև իշխանությունը պահպանելու միակ հնարավորությունը, որովհետև գալու է «հացահատիկի» դիմաց վճարելու և ընտրություններից հետո, այդ թվում՝ Ադրբեջանի պահանջով ՀՀ Սահմանադրությունը փոխելու ժամանակը:

Այս ընթացքը շարունակվելու դեպքում, այդ փոփոխությունը դառնալու է նաև օբյեկտիվ անհրաժեշտություն: Իրերն իրենց անուններով կոչելու հրամայականը պահանջելու է փոփոխություն/լրացում կատարել ՀՀ Սահմանադրության անփոփոխելի հոդվածում: ՔՊ-ի վերարտադրության դեպքում «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին» հոդվածում, «ժողովրդին» բառից հետո պետք է ավելացվի «Ադրբեջանի» արտահայտությունը:

Հ.Գ. Ի դեպ, շատ հատկանշական է, որ երեկ Նիկոլ Փաշինյանի կուսակիցը՝ ՔՊ-ական մի պատգամավորուհի, խոստովանել է. «Չենք կարող բացառել, որ ապագայում մենք կապրենք Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանի Հանրապետությունում»:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս