ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի
                                    Իրանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին և միջամտել Մերձավոր Արևելքի գործերին. Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«(ԱՄՆ-ի) համագործակցությունն Իրանի հետ անհնար է՝ հաշվի առնելով Ամերիկայի կողմից շարունակական աջակցությունն անիծյալ սիոնիստական վարչակարգին (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը), ինչպես նաև ամերիկյան ռազմակայանների առկայությունը և միջամտությունը տարածաշրջանային գործերին», – նշել է նա ուսանողների հետ հանդիպմանը՝ նվիրված 1979 թվականին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման տարելիցին։
Խամենեիի խոսքով՝ միամտություն է կարծել, թե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բոլոր տարաձայնությունների պատճառը «մահ Ամերիկային» կարգախոսն է։
«Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հակասությունները խոր հակասություններ են և երկու հոսանքների շահերի բախում», – հավելել է նա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    