«ԼԵԴ» լույսերով վերասարքավորած մեքենաները կհանվեն շրջանառությունից, եթե խախտումները չվերացվեն
Վարորդների կողմից դժգոհություններ կան, թե մեքենաների գործարանային լույսերը «լեդ»-երով փոխարինելը խնդիրներ է առաջացնում՝ հատկապես գիշերային ժամերին։
Այս մասին լրագրողները հարց ուղղեցին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։
«Մեքենաների վերասարքավորման մասին խնդիր ունենք, այդ թվում ձայնային և լուսային բաղադրիչների մասով։ Պարեկային ծառայությանն արդեն իսկ հանձնարարված է, որ նմանատիպ մեքենաների մասով փորձաքննություն նշանակվի, և եթե, ըստ փորձաքննության, անձը վերասարքավորման բաղադրիչը չվերացրեց, մեքենան դուրս է գալիս շրջանառությունից»,-ասաց նախարարը։

