
Հայերը շահարկում են ցեղասպանության թեման. ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան

Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Հասան Մուրադը մասնակցել է «Հնարավոր հավանականներից ամենալավը․ խաղաղություն Մերձավոր Արևելքում» խորագրով պանելային քննարկմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վերջինս գնահատականներ է տվել միջազգային հարթակում ցեղասպանություն տերմինի օգտագործման վերաբերյալ՝ հայերին մեղադրելով ցեղասպանություն տերմինի իբր շահարկման և քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ։
«Ցեղասպանությունն օրենքում և պատմական հիշողության մեջ լուրջ հասկացություն է, սակայն մեր օրերում երբեմն այն վերածվում է քաղաքական գործիքի։ Մենք դա ակնհայտորեն տեսնում ենք հայերի պնդումների վերաբերյալ Արևմուտքում ձևավորված խոսույթների մեջ»։
Բացի այդ, նախկին դեսպանն ընդգծել է, որ չնայած այս ամենին՝ հատկապես հրեաները խուսափում են Հայոց ցեղասպանություն տերմինը կիրառելուց։
Այս երևույթն էլ Մուրադը բացատրում է նրանով, թե վերջիններս չեն ցանկանում իրենց ողբերգությանը հավասար որևէ հասկացություն ձևավորել։
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունների կողմից 1915-ին պետական մակարդակով իրականացված և 1․5 մլն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանությունը վերջերս անձամբ ճանաչել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։