
ՀՀ ՏԿԵՆ-ում քննարկվել են Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։
Քննարկումը եզրափակում էր «Աստանա» դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ իրականացված շուրջ յոթօրյա ճանաչողական լոգիստիկ շրջայցը, որն անցել էր նշված երթուղով։ Շրջայցի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ տնտեսական կապերը և բարձրացնել փոխադրումների արդյունավետությունը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, «Աստանա» դիվանագիտական ակումբի անդամներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են Հայաստանի ենթակառուցվածքները, առկա պայմանները և նախատեսվող ծրագրերը, դիտարկվել են լոգիստիկ ուղու զարգացման հնարավորությունները, մասնավոր հատվածի ներգրավման տարբերակները և տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի իրագործման ուղիները։