20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։

168TV-ի հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ «Գրեմմի»-ին մասնակցելը երազանք էր, ինչը կատարվեց։

Կարդացեք նաև

«20 տարուց ավելի է՝ երազում էի այդ մասին։ Ուզում էի կամերային երաժշտության մեջ լինել այնպիսին, որ կարողանամ ասել՝ հիմա ժամանակն է, ես պատրաստ եմ»,- ասաց կոմպոզիտորը։ Իսկ թե ինչո՞ւ որոշվեց մոնո-օպերա ներկայացնել` Շուշան Սարգսյանը մանրամասնեց.

«Ավետ Տերտերյանի կինը հրաշալի երաժշտագետ էր, մեկ անգամ ասաց՝ տարիներ անց դու կսկսես գրել մոնո-օպերաների ժանրում, ես վստահ եմ։ Ու կանես այն, ինչ դեռ չի արվել։ Այդպես էլ եղավ։ Երաժշտությունը ոչ միայն գեղեցիկ ու պրոֆեսիոնալ պետք է լինի, այլև երգչի ձայնին հարմար։ Եվ քանի որ մոտ 20 տարի առաջ, չգիտեմ՝ ինչու, պլանավորել էի, որ պետք է «Գրեմմիի» մասնակցեմ 2025-2026թթ., մի օր արթնացա ու հասկացա՝ հիմա ժամանակն է։

«Dialogue» մոնո-օպերան ունիկալ է նրանով, որ համաշխարհային երաժշտության մեջ առաջին նմուշն է՝ գրված բարիտոնի համար։ Երկու օպերաների դեպքում էլ հրաժարվել եմ տեքստից և աշխատել եմ հնչյուններով, որոնք մեր այբուբենի հնչյուններն են, և նրանց մեջ շատ մեծ ուժ կա։ Կարծում եմ՝ այդ հնչերանգները շատ հետաքրքիր են դարձնում իմ մտահղացումը։

Բեմականացման համար հետաքրքիր մտքեր կան. լինելու է շատ արդի, միևնույն ժամանակ խորքային՝ հիմնված մեր մշակութային և կոմպոզիտորական դպրոցի ակունքների վրա։ Ասել է թե՝  կլինի մոդեռն, բայց արմատները չմոռանալով։ Հույս չունեի, որ երկու մոնո-օպերաները կանցնեն, բայց անցան»։

Կոմպոզիտորը շեշտեց` իր կարևոր նպատակն է՝ հաղթել «Գրեմմի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս