
Աբովյանում հնչած կրակnցների գործով 1 անձ ձերբակալվել է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում, ինչի ընթացքում կրակոցներ են հնչել, կան վիրավորներ:
Վերջիններս տեղափոխվել են ԲԿ-ներ:
ՀՀ քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։
1 անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար: