Էջմիածնի տաճարը, Նորավանքը, Տաթևի վանքը՝ «Տաթևի թևեր» ամենաերկար ճոպանուղով, Սելիմի քարավանատունը՝ La Repubblica-ի դիտակետում
Իտալիայի հեղինակավոր La Repubblica օրաթերթում հոկտեմբերի 9-ին լույս է տեսել լրագրող Ֆրանչեսկա Ալլիատա Բրոնների «Հայաստանը սահմանային հրաշք է՝ հիասքանչ լեռներով և հին վանքերով» հոդվածը, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես եզակի զբոսաշրջային ուղղություն։
Հեղինակը մասնակցել է ՀՀ Անկախության օրվան նվիրված դեսպանության կազմակերպած համերգին ու ընդունելությանը և ներկայացրել Հայաստանը որպես աշխարհի ամենահմայիչ և ամենաանվտանգ երկրներից մեկը։ Նա Հայաստանի աշխարհագրական դիրքը նկարագրում է որպես յուրահատուկ՝ Ասիայի և Եվրոպայի սահմանագլխին, հարուստ պատմությամբ, գինեգործական ավանդույթներով և ջերմ հյուրընկալությամբ։
Նշվում է նաև, որ Հայաստանը հասանելի է ընդամենը 4 ժամում Իտալիայից ուղիղ չվերթներով։Հոդվածում շեշտվում է, որ Հայաստանը չափերով փոքր-ինչ մեծ է Սիցիլիայից, սակայն մշակութային առումով շատ ավելի մոտ է իտալացիներին՝ դարավոր փոխանակումների և պատմական կապերի շնորհիվ։ Հատուկ ընդգծվում է, որ Հայաստանը 301 թվականին առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչությամբ։ Նշվում է նաև, որ նրա մասունքները պահվում են Նեապոլում։
Հոդվածի հեղինակը Հայաստանի պատմամշակութային հարստությունը ներկայացնում է «Վանքերի ճանապարհի» օրինակով, որը, չնայած պաշտոնապես գոյություն չունի, առաջարկվում է որպես խորհրդանշական երթուղի։ Այն սկսվում է Երևանից՝ վարդագույն տուֆակերտ ճարտարապետությամբ և Կասկադի հիասքանչ տեսարանով։
Այնուհետև նկարագրվում են Էջմիածնի տաճարը՝ աշխարհի ամենահին քրիստոնեական տաճարներից մեկը, Նորավանքը՝ XIII դարի վանք կարմիր ժայռերի կիրճում, Տաթևի վանքը՝ «Տաթևի թևեր» աշխարհի ամենաերկար ճոպանուղով, Սելիմի քարավանատունը՝ Մետաքսի ճանապարհի լավագույն պահպանված կանգառներից մեկը, Սևանա լիճը՝ Հայաստանի կապույտ մարգարիտը՝ Սևանավանքով։



