
«Ալիևը փորձելու է ռազմական ճանապարհով խլել Սյունիքը. եթե իմպիչմենտը հաջողվի՝ արդյունքն արժանապատիվ խաղաղությունն է լինելու. Դավիթ Ջամալյան

Երեկ Բաքվի Գաբալա քաղաքում թուրքական պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հերթական անգամ խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ադրբեջանական կողմը կրկին ընդգծել է «Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորության մասին։ Զուգահեռ՝ Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից մշտապես հնչեցվում են հակաիրանական հայտարարություններ։
Այս խոսույթի զարգացումն ի՞նչ վտանգներով է լի, Հայաստանի դեմ ռազմական էսկալացիայի հավանականությունն Ադրբեջանի կողմից որքանո՞վ է մեծ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց՝ այո, Իրանն անխուսափելիորեն պատրաստվում է հակաիրանական հարվածներին։ Եվ ակնհայտորեն Ադրբեջանն այդ հարվածի կոնտեքստում ունի առանցքային դերակատարություն։
«Հակաիրանական հարձակումների կոնտեքստում Ալիևը փորձելու է ռազմական գործողություններով Սյունիքը խլել, սա աներկբա ճշմարտություն է։ Կրկնում եմ՝ Իրանի դեմ ագրեսիայի դեպքում Ալիևն անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի այդ իրավիճակն օգտագործի իր համար առավելագույն շահեկան ձևով՝ խլելով Սյունիքը։ Տեսականորեն զսպող գործոն չլինելու դեպքում Ալիևը կգնա այդ քայլին, իսկ սրա դեմ բոլորն իրենց աչքերը կփակեն, օրինակ՝ Թրամփի համար ի՞նչ տարբերություն, Ալբանիա՞ն է, Սյունի՞քը, թե՞ Կամբոջան։ Իրենք խնդիր ունեն՝ Իրանին թուլացնել, իսկ Ադրբեջանը դրանից կօգտվի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։
Ռազմական փորձագետի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը պատերազմը զսպող գործոն չէ, նա նույնիսկ զսպող գործոն չի եղել 2018 թվականին, Ադրբեջանին զսպող գործոն կարող են լինել Իրանն ու Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, որը, գուցե երկրորդ պլանով, բայց շահագրգռված է, որ Իրանը չթուլանա։
«Ես նշեցի արտաքին զսպող գործոնները, իսկ ներքին գործոնը պետականակենտրոն ուժերն են, լայն առումով՝ սթափ հասարակությունը։ Եթե իմպիչմենտի գործընթացով կարողանանք ապահովել պետականակենտրոն ուժերի առաջմղումն ու վայրկյան առաջ ազատվել այլոց ձեռքին խաղալիք դարձած օրվա իշխանություններից, ապա վստահ եմ՝ պատերազմը մեզ կշրջանցի։
Մի բան է՝ պատերազմ Նիկոլ Փաշինյանի օրոք, բոլորովին այլ բան՝ պետականակենտրոն ուժերի դեպքում, որովհետև, տեսնելով դիմադրող Հայաստան, Ալիևը 7 անգամ կմտածի պատերազմ հրահրելուց առաջ։ Պատրաստ լինելով պատերազմի, մենք դրանով իսկ կարող ենք կանխել պատերազմը, հակառակ դեպքում դառնում ենք առաջին թիրախը։
Եթե նույնիսկ իմպիչմենտը չստացվի և առաջիկա ընտրություններում հաղթեն պետականակենտրոն ուժերը, ապա այդ ամենն ավելի ուշ կլինի, հետևաբար՝ ձեռնտու է, որ իմպիչմենտի գործընթացով ամեն ինչ տեղի ունենա»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։
Ըստ մեր զրուցակցի, երրորդ սցենարն էլ այն է, որ շատ հավանական է, որ Ալիևը պատերազմի գնա միայն ընտրություններից հետո, քանի որ լավ հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանն «Ալլահի մեծագույն պարգևն է» իրենց և, նրանից բացի, չկա մեկը, որը կգնա այսքան զիջումների։
Այստեղ Դավիթ Ջամալյանը նաև մեկ այլ խնդիր մատնանշեց.
«Ադրբեջանը լավ հասկանում է, որ Նիկոլը վաղ թե ուշ գնալու է, հավերժ չէ, նա հենարան չունի այլևս, մարգինալացված իշխանություն է։ Հետևաբար՝ Ադրբեջանն աշխատում է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացվող պահանջները շարունակվեն նաև նրան փոխարինող իշխանության ժամանակ։ Սրանք այն պահանջներն են, որոնք ներկայացվում են։ Հիմա իրենց խնդիրը Նիկոլին առաջադրած պահանջները նաև ՀՀ մյուս իշխանություններին պարտադրելն է»,- շեշտեց Դավիթ Ջամալյանը։
Նա նաև հավելեց՝ հնարավոր բոլոր միջոցները, որոնցով կարող են Հայաստանում իշխանությանը հեռացնել, պետք է հեռացնեն։ Նաև փողոցում պետք է գեներացվի մարդկանց լուրջ քանակ։
«Այդ դեպքում վստահ եմ՝ ՔՊ-ում ճաքեր են լինելու, և նրանցից շատերը չեն ենթարկվի ճնշումներին ու չեն կանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին։ Իմպիչմենտն այն մոտիվացնող ուժն է, որով մարդիկ կարող են դուրս գալ փողոց, եթե հաջողվի՝ իմպիչմենտի արդյունքն արժանապատիվ խաղաղությունն է լինելու։ Վստահ եմ՝ ՀՀ-ում իշխանությունը փոխվելու դեպքում շատ արագ վերականգնվելու են ռեսուրսները»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։