IFC-ն առաջին ներդրումն արեց Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում
Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) որոշել են համատեղ աջակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին: Այսօր համագործակցության համաձայնագիր ստորագրվեց երկու ֆինանսական կառույցների և «Եվրոթերմ» (Նոյան) ընկերության միջև՝ վերջինիս վարկի տրամադրման մասին: IFC-ն «Եվրոթերմին» կտրամադրի 2.5 մլն դոլար, իսկ ՍԱԶԲ-ը՝ 2.05 մլն եվրոյի վարկ:
IFC Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում արտադրության, ագրոբիզնեսի և ծառայությունների գծով տնօրեն Գի Էլլենան նշեց, որ սա IFC-ի առաջին ներդրումն է գյուղատնտեսական ոլորտում: Ծրագիրը կօգնի գյուղական համայնքներին` աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և արտահանման ծավալների ավելացման խնդիրների լուծման հարցում: Ըստ Գի Էլլենայի՝ միջազգային շուկայում կայուն տեղ գրավելու համար հարկավոր է մրցունակ ապրանք արտադրել:
Սևծովյան առևտրի և զարգացման բանկի արդյունաբերության ընդհանուր ճյուղերի, տրանսպորտի և զբոսաշրջության գծով տնօրեն Ալեքսեյ Ալեքսեևի կարծիքով՝ համագործակցությունը կընդլայնվի և ավելի շատ նախագծեր կֆինանսավորեն Հայաստանում: Նա գոհունակությամբ նշեց, որ Մոսկվայում հանդիպել է «Նոյան» ապրանքանիշին և հույս հայտնեց, որ այն շոտով կլինի նաև Լոնդոնում:
«Եվրոթերմի» հիմնադիր-նախագահ Էդուարդ Ղազարյանն արձագանքեց, որ եթե օգնեն, իրենք հաճույքով կընդլայնեն իրենց ընկերության արտահանման աշխարհագրությունը: