Թբիլիսիում ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 14 ոստիկան. նրանցից մեկը ծանր վիճակում է

Թբիլիսիում նախագահական նստավայրի մոտ ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է. այս մասին, ինչպես փոխանցում է «Новости-Грузия»-ն, ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «պետությունը շատ խիստ կլինի ցանկացած մեկի հանդեպ, որը ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա»։

«Տուժածներից մեկը բավական ծանր վիճակում է… Ես կարծում եմ, որ այդ մարդիկ, որոնք նման բան են արել, պետք է աղոթեն»,- հայտնել է Կոբախիձեն։

Թբիլիսիում ՏԻՄ ընտրություններին  զուգահեռ տեղի է ունենում բողոքի զանգվածային ակցիա։ Կազմակերպիչների կոչով  ցուցարարների մի մասը տեղափոխվել է Ռուսթավելու պողոտայից Ատոնելի փողոցում գտնվող  նախագահական նստավայր, որտեղ անկարգություններ են սկսվել։

Հատուկջոկատայինները ցուցարարներին հետ են մղել Օրբելիանիի պալատից արցունքաբեր գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ։ Մերձակա փողոցներում ցուցարարները բարիկադներ են կառուցել բարերի եւ ռեստորանների գույքից։

Տեղեկացվել է նաեւ, որ տուժածներ կան լրագրողների շրջանում։ Վրաստանի հանրային հեռարձակողը եւ «Իմեդի» կառավարամետ հեռուստաալիքը հայտնում են, որ ցուցարարներն իրենց աշխատակիցների աչքերին են փչել անհայտ հեղուկ։

Վրաստանի Առաջին ալիքն իր հերթին տեղեկացրել է, որ ցուցարարները հարձակվել են իրենց նկարահանող խմբի վրա։

Տեսանյութեր

Լրահոս