
Փաշինյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին ներկայացրել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ինժեներական քաղաքի Բիզնես աքսելերատորի շենքի բացման արարողությանը:
Փաշինյանը շրջայց է կատարել շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Տեղեկացվել է, որ շենքի և ավտոկայանատեղիների կառուցման, տարածքի բարեկարգման, ինչպես նաև սարքավորումների և կահույքի ձեռքբերման համար 2024 թ. ծախսվել է 810.4 մլն դրամ, իսկ 2025թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ շուրջ 1.2 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են ՀՀ պետբյուջեից:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Շառլ Ազնավուրի անվան Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն, որտեղ ներկայացվել են առկա հնարավորություններն ու կենտրոնի գործունեությունից ակնկալվող արդյունքները:
Փաշինյանը ծանոթացել է նաև «Հայաստան–Ճարտարագիտական շաբաթ» ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներին և նմուշներին, PMI Science ինժեներական լաբորատորիաների գործունեությանը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին: Դրանք վերաբերել են ոլորտի հետագա զարգացմանը, ՀՀ Կառավարության արտաքին բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը և այլ թեմաների: