
Դավիթ Գրիգորյանը դատավոր կնշանակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում

Դավիթ Գրիգորյանը դատավոր կնշանակվի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ ԲԴԽ-ն սեպտեմբերի 29-ի որոշմամբ՝ Հանրապետության նախագահին առաջարկել է Դավիթ Գրիգորյանի թեկնածությունը՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել, գործը՝ կարճվել։ Վճռաբեկ դատարանը, սակայն, բեկանել է որոշումները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Գոռ Վարդանյանը, ոը մեղադրվում էր իբրև օժանդակության մեջ։ Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ։ Վերջինս 2025թ․ հունվարի 22-ին արդարացման վճիռ է կայացրել՝ ճանաչելով և հռչակելով Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի անմեղությունը։ Հակակոռուպցիոն դատարանի վճիռը բողոքարկվել է թե Վերաքննիչ, թե՛ Վճռաբեկ դատարաններ և մնացել անփոփոխ, ըստ այդմ, Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի արդարացման դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։
Այլ խոսքով՝ շուրջ վեց տարի փաստացի ապօրինի քրեական հետապանդման ենթարկված դատավորը վերջնական արդարացվածի կարգավիճակ է ստացել, սակայն նրա խախտված իրավունքներն ամբողջությամբ չեն վերացվել, դատավորը ռեզերվային կարգավիճակ ստանալուց հետո վերականգնվում է ոչ թե Երևանի քրեական դատարանի դատավորի պաշտոնում, այլ՝ տեղափոխվում է մարզ։