
Թրամփը հայտարարել է Գազայի հարցով արդյունավետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Գազայի շուրջ ընթացող բանակցությունները դիտարկում է որպես շատ արդյունավետ։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Գազայի հարցի շուրջ մենք շատ ոգեշնչված և արդյունավետ քննարկումներ ենք անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ։ Ինտենսիվ բանակցությունները շարունակվում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնագրի հաջող կնքման համար։ Դրան մասնակցում են տարածաշրջանի բոլոր երկրները, ՀԱՄԱՍ-ը քաջատեղյակ է այդ քննարկումներին, իսկ Իսրայելը տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի»,-գրել է Թրամփը «Truth Social»-ի իր միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ է այսքան բարի կամք և խանդավառություն տեսնում խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Բոլորն ուրախ են, որ մահվան ու խավարի այս շրջանը հետ է մնացել։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այդ բանակցություններին։ Մենք պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք մշտական և հարատև խաղաղության»,– նշել է ԱՄՆ նախագահը։