«Մենք պահանջում ենք պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին և Երվանդ Զախարյանին. իրենք թալանեցին մեր տունը»
Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Վերջիններս բողոքում էին, որ դեռևս 2003-ից իրենց բնակարանները համարելով «հասարակական շահ»՝ օտարել են, և այդպես էլ ամբողջական փոխհատուցում չեն ստացել և չեն կարողացել իրենց տրված չնչին գումարով բնակարան գնել:
«Սա գերակա շահ չէր, սա բիզնես ծրագիր էր, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ թալանեցին այս ժողովրդին: Մարդկանց, ովքեր չէին համաձայնում, որ գնահատումը եղել է ոչ օրինական, միակողմանի է եղել, վախեցրել են, թե՝ եթե դուք դուրս չգաք, մենք կտանք դատարան մեկ է, Ռոբերտ Քոչարյանը մեր ետևում կանգնած է: Գործերը տվել են դատարան, վճիռ կայացրել՝ հարկադրել մարդկանց ստորագրել պայմանագրերը, չհամաձայնելու դեպքում վտարել այդ տարածքից»,- պատմեց «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ բնակիչներին տրված գումարը բավարար չէ բնակարան գնելու համար. «Այդ գումարով նույնիսկ գոմ չէիր կարող առնել, հիմա էլ չես կարող առնել: Մարդիկ մնացել են փողոցում»: Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում շենքի բնակիչները հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, որոնք, սակայն, ոչնչով չեն օգնել նրանց:
«Մենք պահանջում ենք պատասխանատվության կանչել Ռոբերտ Քոչարյանին և Զախարյանին, որ իրենք թալանեցին մեր տունը: Ինչո՞ւ 82 ընտանիք ամբողջ կենտրոնում պիտի լքի Հայաստանը»,- ասաց Վաչագան Հակոբյանը: Նա նաև նշեց, որ բնակարնների տեղում կառուցված շենքերը սեյսմիկ առումով անվտանգ չեն: