
ԱՄՆ-ն մշակում է հարստացված ուրանի արտադրության վերսկսման ծրագիր

ԱՄՆ վարչակազմը մշակում է հարստացված ուրանի արտադրության շուտափույթ վերսկսման ծրագիր: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։
«Մենք մեզ թույլ ենք տվել կախվածության մեջ լինել Չինաստանից և Ռուսաստանից կարևորագույն հանքանյութերի առումով։ Անընդունելի է, որ Ամերիկան ուրան գնի Ռուսաստանից, ուստի մենք էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ շատ եռանդով աշխատում ենք մշակելու համար մի ծրագիր, որը Միացյալ Նահանգներին թույլ տա հնարավորինս շուտ վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը երկրի ներսում», – ասել է նա Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողներին նախագահական ինքնաթիռում։
Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ երկիրը դեռևս պատրաստ չէ լիովին հրաժարվելու ռուսական ուրանից՝ ՌԴ-ից մատակարարումներից բարձր կախվածության պատճառով։
Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանը մատակարարում է մոտ մեկ քառորդը հարստացված ուրանի, որն անհրաժեշտ է 94 ամերիկյան միջուկային ռեակտորների համար, որոնք արտադրում են ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայի մոտավորապես մեկ հինգերորդը։