
ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը։ Այս մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։
«Վաղը՝ երեքշաբթի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն քաղաքական և օպերատիվ արձագանքման միջոցառումները հստակեցնելու համար», – ասել է արտաքին գործերի նախարարը՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու։
Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ խորհրդակցություններ են խնդրել ռուսական կործանիչների կողմից իրենց օդային տարածքը ենթադրյալ խախտելու վերաբերյալ։
Էստոնիայի իշխանությունները պնդում են, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Էստոնիայի օդային տարածք են մտել ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռնեռը չեն խախտել Էստոնիայի օդային սահմանները։ Նախարարությունից հայտնել են, որ երեք ՄիԳ-31-ները պլանային թռիչք են կատարել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ, առանց խախտելու այլ պետությունների սահմանները։