«Արցախի կործանումն ինձ համար սկսվել է 2018թ. ապրիլի 23-ից. Քայլը միտումնավոր է՝ վերքի վրա աղ են լցնում». Արմեն Պետրոսյան

Երկու տարի է՝ Արցախի Հանրապետությունն ամբողջովին գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց ամբողջովին բլոկադայի ենթարկված Արցախի վրա, որի հետևանքով Արցախն ամբողջովին օկուպացվեց, իսկ բնակիչները ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ բռնի տեղահանվեցին։

«Արդարություն և վերադարձ» հ/կ համահիմնադիր Արմեն Պետրոսյանի բնորոշմամբ՝ սեպտեմբերի 19-ը հայության մի հատվածի՝ արցախահայության համար, սև օրերից մեկն է, որովհետև այդ օրն Արցախի անկման օրն է։ Բազմաթիվ հայեր են այդ օրը զոհվել, և նրանց ընտանիքների համար այդ օրը սև օր է։

«Իմ բազմաթիվ հայրենակիցներն այսօր անց են կացրել տղաների շիրիմների մոտ, տղաներն իրենց կյանքը զոհել են, որպեսզի փրկեն իրենց ընտանիքները ֆիզիկական բնաջնջումից։

Ինչո՞ւ տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ը. իմ խորին համոզմամբ՝ դա քաղաքական այն պարտությունների արդյունքն է, որն ունեցավ ՀՀ օրվա իշխանությունը։ Արցախի կործանումն ինձ համար սկսվել է 2018թ. ապրիլի 23-ից, այդ օրը ջնջել է մայիսի 9-ը, սեպտեմբերի 21-ը, սեպտեմբերի 2-ը, որովհետև այդ օրերի խորհուրդը ոչնչացրել են։ Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ հետագայում 2018 թվականի ապրիլի 23-ը նշվի որպես Հայաստանի Երրորդ Հանրապետության անկման օր։ Արցախը չկործանվելու համար, չպետք է լիներ այն, ինչը ծրագրել էին այսօրվա «հեղափոխականները», այդ հեղափոխությունը պետք է տապալվեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Նա նշում է՝ հաշվի առնելով ներկայիս իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, որևէ ակնկալիք չունի, որ իշխանությունը որևէ ցավակցական խոսք կասի զոհվածների ընտանիքներին կամ երախտիքի խոսք կհնչեցնի  զոհվածների հիշատակի առջև։

«Գոնե բարոյական տեսանկյունից կարելի էր ցավակցություն հայտնել Արցախի այն ընտանիքներին, ովքեր այդ մեկօրյա մարտերի ընթացքում ունեցել են բազմաթիվ զոհեր։ Ինձ համար շատ վիրավորական է, որ այն դպրոցը, որտեղ սովորում են իմ երեխաները, որոշել են ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումն անել հենց այսօր։

Հաշվի են առել, որ սեպտեմբերի 21-ը կիրակի օր է և ոչ աշխատանքային օր, իսկ հնարավո՞ր չէր նշել սեպտեմբերի 22-ին՝ երկուշաբթի օրը։ Տպավորություն է, որ վերքի վրա աղ են լցնում, իհարկե, այս քայլը միտումնավոր եմ համարում, չէ՞ որ ՔՊ-ական պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ իրենց համար Հայաստանի անկախության օրը հենց սեպտեմբերի 19-ն է։

Դեռևս 7 տարի առաջ եմ հայտարարել, որ այդ հեղափոխությունը հակաարցախյան հեղափոխություն է»,- հավելեց Արմեն Պետրոսյանը։

Ըստ նրա, վիրավորական է, որ կրթական համակարգն այնքան է այլասերված, որ Արցախի անկման օրը տոնական միջոցառում է կազմակերպվում ուսումնական հաստատություններում։ Չէ՞ որ կարելի էր այսօր մեկ րոպե լռությամբ հարգել նահատակվածների հիշատակը և աշակերտներին ներկայացնեին, որ Արցախի անկման օրն է։

«Գոնե լռության պահպանմամբ հարգեն արցախահայերին, զոհվածների հիշատակը։

Այս իշխանությունը հայտարարել է, որ Արցախի էջը փակված է, այլևս Հայաստանում Արցախի հարց գոյություն չունի, բայց Արցախի հարցը փակված է միայն իրենց համար։ Հետևաբար, որպեսզի Արցախի հարցը նորից գա քաղաքական օրակարգ, պետք է իշխանափոխություն լինի։ Մյուս դեպքերում անհնար է այդ հարցին անդրադառնալը»,- ընդգծեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս