Բան է պայթելու Սյունիքում, դրա «երկրաշարժը» կզգացվի Երևանում. Սուրեն Սուրենյանց

Կառավարության ուղիղ եթերով ընթացող նիստերը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քարոզարշավի համար որպես եթերաժամանակ օգտագործող Նիկոլ Փաշինյանն այսօր ևս պետական բյուջեի գումարներն օգտագործեց 2026 թվականին քաղաքացիներից քվեներ ստանալու համար։

25 տոկոսով Հայաստանի Զինված ուժերի թվակազմը կրճատող իշխանությունն այսօր հերթական անգամ հարյուրավոր միլիոններ հատկացրեց մարզերում ասֆալտ փռելու, տանիքներ նորոգելու համար՝ միաժամանակ մարզաբնակների վճարած հարկերից երևանցիների համար նոր տրոլեյբուսներ գնելու որոշում ընդունելով։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով երկրի տարածքը փոքրացնելուն զուգահեռ՝ ասֆալտ փռելու հաշվին ընտրություններին ընդառաջ քվեներ ստանալու փաշինյանական քաղաքականությանը, նշեց՝ ասֆալտի վրայով քայլողները պետք է հիշեն՝ երբ չկա անվտանգություն, երբ կրճատվում է բանակի թվակազմը, ապա պետք է ամեն օր ապրել վախով, որ այդ նույն ասֆալտով իրենց գյուղ ու քաղաք են մտնելու թշնամական տանկերը։

Կարդացեք նաև

«Վստահ եմ՝ բանակի թվակազմի կրճատման հետևանքով գոյացած գումարներն էլ նախընտրական շրջանում Փաշինյանը կհատկացնի թոշակների բարձրացման համար։ Հիշեք՝ եթե մենք զինվորների պակաս չունենայինք, ԵԿՄ անդամ 60 անց տղամարդիկ չէին գնա ծառայության»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ սոցիալական խնդիրների համար գումարներ հատկացնելուն զուգահեռ՝ Փաշինյանը մյուս կողմից բավարարում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը։

Սուրեն Սուրենյանցը Թուրքիային քծնելու համատեքստում դիտարկեց նաև Արարատ սարի պատկերը սահմանային կնիքներից հեռացնելու մասին իշխանությունների որոշումը՝ ընդծելով՝ դրանից Հայաստանը որևէ բան չի շահել, շահել է միայն Փաշինյանը՝ իր իշխանությունը պահպանելու տեսքով։

«Ինչ վերաբերում է Հայաստանում սպասվող զարգացումներին, ապա ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական զարգացումներ են լինելու, որոնք բերելու են մեզ համար շատ վատ զարգացումների՝ իշխանափոխության՝ նեպալյան բանաձևով, ինչը չեմ ցանկանում, Աստված չանի։ Այդ «Թրամփի ուղի» ասվածն առանց բալանսի բերելու է նրան, որ բան է պայթելու Սյունիքում, որի «երկրաշարժը» զգացվելու է Երևանում։ Փաշինյանը կամիկաձե է դարձել՝ ընդդեմ Հայաստանի»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս