
Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենք, զորքը անցնի Նախիջևանով. նախ դա պետք է որոշենք. Փաշինյանը հիշեց հեքիաթը
Այսօր ճեպազրույցում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ «Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ռիսկեր է դա պարունակում։
Ի պատասխան՝ Փաշինյանը դարձյալ հիշեցրել է փոխադարձության սկզբունքի մասին:
«Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Պետք չէ «Կիկոսի մահի» մեջ մեր կյանքը մեկնաբանել: Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով: Մենք ուզո՞ւմ ենք դա, թե՞ չենք ուզում:
Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք, ընդհանրապես, խոսում ենք ուրիշների մասին, բայց չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև, և այդպես շարունակ:
Ցանկացած հարց, որը կվերաբերի տարածքային կոմունիկացիաների բացմանը և «Թրամփի ուղի» ծրագրին, պետք է դիտարկել 5 սկզբունքների շրջանակում: Սկզբունքը նրա համար է, որ չասենք՝ իսկ անձրևի դեպքում ի՞նչ է լինելու, կարկուտի դեպքում ի՞նչ է լինելու, երաշտի, քամու դեպքում ի՞նչ է լինելու, իսկ որ քամին ուժեղ լինի, ի՞նչ է լինելու, իսկ նոր տարվա գիշերն այնտեղ ի՞նչ է լինելու, Զատիկից կամ Նովրուզից հետո ի՞նչ է լինելու:
Մենք չենք կարող մի հարցի վերաբերյալ ունենալ մի քանի հատոր դեպքեր՝ դա մեկնաբանելու համար: Դրա համար մենք ունենք 5 սկզբունք, որոնք արձանագրված են, ստորագրված են, և ամեն ինչ այդ տրամաբանության մեջ է տեղավորվելու»,- շարունակել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում