
ՃԱՂԱՎԱՆԴԱԿ՝ ԱՌԱՆՑ ՑԱՆԿԱՊԱՏԻ

Անցած շաբաթ «Հանդart» մշակութային այգում «Ցանկապատ» ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանի բեմադրած ներկայացումը, դրան հաջորդած աղմուկն ու ստեղծագործական խմբի անդամների արդարացումները հերթական անգամ բացահայտեցին հայկական իրականության ամենամեծ արատներից մեկը, որը, նորմատիվային բառապաշարի կանոնները պահպանելով՝ կարելի է անվանել «պետության մասին ճոռոմ խոսելով՝ պետությունը բախտի քմահաճույքին կամ բորենիներին հանձնելու» ախտանիշ։
Նորահայտ ինկվիզիտորի առաջ դերասանների հպատակության առիթով մամուլում ու համացանցում բարձրացված քննադատությունից հետո ստեղծագործական խմբի անդամներից մեկը սեփական ու գործընկերների ստեղծագործական ստրկությունն արդարացրել էր՝ կրկնելով ծեծված տափակաբանությունը՝ «մենք դերասաններ ենք և քաղաքականությամբ չենք զբաղվում»։
Այս միտքն այնքան հին է, որքան մտավորական կոչվողների կողմից ցանկացած իշխանության առջև ստորանալու զզվելիությունը։ Այդուհանդերձ, հին ու մակերեսորեն ծեծված լինելով, հենց դա է իրական Հայաստանը «Իրական Հայաստանով» փոխարինելու, բովանդակ պետության չգոյությունը վիրտուալ զառանցանքով լղոզելու հիմնարար պատճառը։ Եվ այդ հարցում արտիստները միայնակ չեն, նրանց «չեզոք» շարքերը համալրված են որոշ բժիշկներով ու մանկավարժներով, գիտնականներով ու շինականներով, բոլոր նրանցով, ում պատկանում է պետությունը, բայց ովքեր այն հանձնել են իրենց ստորացնողներին։
Իրականում անցած շաբաթ «Հանդart»-ում բեմադրվում էր ոչ թե հայ տաղանդավոր գրողներից մեկի խորիմաստ «Ցանկապատ» ստեղծագործությունը, այլ կենցաղային մակարդակի պարզունակ կանոնը՝ «եթե քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է զբաղվում քեզանով»։ Եվ արդեն զբաղվում է ոչ թե ուղղակի օգտագործելով որպես էլեկտորալ վիճակագրություն կամ քարոզչական ծաղրածու, ոչ էլ նույնիսկ որպես «տուգանքի մատերիալ», այլ զբաղվում է՝ որոշելով «քաղաքանությամբ չզբաղվողների» ով լինելը, ինչ և ինչպես մտածելը, դերասանի դեպքում՝ այսպես խաղալը, գրողի պարագային՝ այսպես գրելը, նկարչի դեպքում՝ վրձնի հարվածը, գիտնականի համար՝ գյուտի բովանդակությունը, և այդպես շարունակ։
Այս ներկայացման շուրջ բարձրացված աղմուկն ու դերասաններին ուղղված քննադատությունը չափազանցված էր։ Նրանց հեզությունը ավելի տգեղ չէր, քան բեմական ինկվիզիտորին քաղաքական դիկտատորի դերում իբրև թե սուր հարցեր ուղղողների պարբերական ցուցքերը կամ նրան պատիվ առնող ուսադիրավորների հպատակությունը։ Խնդիրը համահասարակական է, համազգային, և այդ մարդիկ՝ հանգամանքների բերումով, հայտնվել են «ցանկապատի» նույն կողմում մեկի հետ, ով հանրայնացրել է նրանց անցումը։ Դաժան գտնվելով դերասանների նկատմամբ, նա շարունակում է հումանիզմը բոլոր նրանց հանդեպ, ում անցումը դեպի «ցանկապատի» նույն կողմ տեղի է ունենում հանրային աչքից հեռու, աշխատասենյակներում, հացատներում ու «քաղաքական դերասանության» դիմաց վճարման համար նախատեսված այլ գողտրիկ անկյուններում։
Բայց հումանիզմը երկար չի տևելու։
Առջևում ընտրություններ են, և ըստ ամենայնի առաջիկայում կհրապարակվեն բոլոր նրանց անունները և դրանց մասնակցությամբ տեսարանները, ովքեր տարբեր դրսևորումներով անցել են «ցանկապատի» այն կողմը՝ որպես «քաղաքականությամբ չզբաղվողներ» կամ պատվերով զբաղվողներ։ Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ բոլորին դեպի ցանկապատի իր կողմը քաշողը և հաճույքով քաշվողները չեն հայտնվել ճաղավանդակի այն կողմում, որտեղից երևացողը ոչ թե խորհրդանշական ցանկապատ է, այլ բետոնե պատ՝ հաստ փշալարերով։
Հարություն Ավետիսյան