Բաժիններ՝

«Ծննդյան վկայական»՝ հայի ինքնության բացահայտումը Արա Երնջակյանի նոր ներկայացման մեջ

Երևանի կամերային թատրոնի խաղացանկը համալրվել է նոր ներկայացմամբ։

«Ծննդյան վկայական» պիեսի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանն է։

168.am-ի հետ զրույցում Արա Երնջակյանն ասաց, որ «Ծննդյան վկայականը» ներկայացում է  այն մասին, թե ով է հայը, ինչպես է հայտնվել երկրագնդի վրա և ինչ առաքելություն ունի։

«Գուցե մի քիչ անհամեստ է հնչում, բայց կարծում եմ՝ ցանկացած մարդ այս ամենի մասին մտածել է, մտածում կամ պարտավոր է մտածել, թե հիմա այդ ամենն իր մոտ որքանով է ստացվում կամ չի ստացվում, կամ էլ՝ մեր մոտ ստացվել է, թե չի ստացվել՝ այլ հարց է։ Սա ներկայացում է, որտեղ մենք փորձում ենք հասկանալ, թե մենք ով ենք: Խառը ժամանակներում ենք ապրում, այնպես է, որ շատ հիասթափություններ կան, անվստահություն կա, առաջ մենք հպարտանում էինք, որ հայ ենք, ասում էինք՝ մեր ջուրը, կոնյակը լավն է, հետո հիասթափություն եկավ, որի հետևանքները շատ տխուր են։ Բայց չպետք է մոռանանք, որ մենք երեկ էլ էինք հայ, այսօր էլ ենք հայ ու վաղն էլ ենք հայ։ Երբ սկսենք հասկանալ, թե ովքեր ենք մենք, և ոչ թե պատահական բաներից սկսենք կառչել ու որոշենք՝ արժե՞նք, թե՞ չարժենք, լա՞վն ենք, թե՞ վատը, այլ մի քիչ այս ամենին խորքային նայենք»,- նշեց Արա Երնջակյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ գուցե հիասթափությունները նրանից են, որ ինքնաճանաչման խնդի՞ր կա, Արա Երնջակյանը պատասխանեց, որ այդպես է, և «Ծննդյան վկայական»  ներկայացման մեջ գուցե անսպասելի տեղեկություններ կան, եզրակացություններ, որոնք շատ կարևոր են։

«Անտեղյակությունն է բերում նրան, որ մենք մի ծայրահեղությունից հայտնվում ենք մեկ այլ ծայրահեղության մեջ։ Ներկայացման մեջ բավականին մեծ տեղեկատվություն է հնչում, և առանց փաստերի այդ ամենը մակերեսայնորեն կլիներ ու կնմանվեր դատարկախոսության։ Այդ պատաճառով էլ ներկայացնելու ենք բավականին մեծ տեղեկատվություն, որը շատերի համար և՛ նորություն կլինի, և՛ անսպասելի։

Ցանկալի է, որ այս ներկայացումը շատերը տեսնեն, որովհետև կարևոր ու անհրաժեշտ ասելիք կա»,- հավելեց Արա Երնջակյանը։

Բայց թատրոնում միակ նորությունը «Ծննդյան վկայական» նոր ներկայացումը չէ, Արա Երնջակյանն ասաց, որ ամենամեծ նորությունը սպասվում է սեպտեմբերի 11-ին, երբ կնշեն թատրոնի 40-ամյակը և կոլեկտիվի 50-ամյակը։

«Սա առաջին անգամ է, որ փորձում ենք տոնել, աղջիկս է ամեն ինչ անում, գուցե որոշ իմաստով էլ գաղտնի, բայց բավականին մեծ շուքով»,- շեշտեց Արա Երնջակյանը։

Դերասան Ներսես Մարկոսյանի խոսքով՝ «Ծննդյան վկայականը» հայ ժողովրդի ծննդյան վկայականն է և յուրաքանչյուրի։

«Ներկայացման մեջ բոլորս հանդես ենք գալիս մեր անուններով։ Այսպես ասած՝ ներկայացման որոշ «չամիչ» ես եմ ներկայացնում, որովհետև խոսում եմ օտար լեզուներով, երգում եմ, թավջութակ նվագում։ Ըստ իս, իմ կերպարը հետաքրքիր է։ Ներկայացումն իրական փաստերի հիման վրա է, բազմաթիվ պատմական մեջբերումներ ենք անում, գաղափարապես հարուստ ներկայացում է, և կարծես թե ամբողջ աշխարհը սկիզբ է առել Արարատյան դաշտավայրից»,- նշեց Ներսես Մարկոսյանը։

Ըստ դերասանի, իրենք ունեն սեփական ձեռնարկ, որը տրամադրում են յուրաքանչյուր հայի՝ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։

«Այդ ձեռնարկում ծրագիրն այնպիսին է, որ եթե մենք այն իրականացնենք, ապա կնպաստի մեր երկրի, տնտեսության զարգացմանը։ Մենք մեզ պետք է ճանաչենք, մենք ուժեղ ու հին ազգ ենք, Նոյի ժառանգն ենք, այս ներկայացումը յուրաքանչյուր հայ պետք է նայի»,- եզրափակեց Ներսես Մարկոսյանը։

Դերասան Սենիկ Բարսեղյանի կարծիքով՝ «Ծննդյան վկայականը» նայելուց հետո այն կդառնա բոլորի ծննդյան վկայականը, քանի որ այն իր բովանդակությամբ, ենթատեքստով, ենթաշերտով շատ հարուստ է, այն բոլորի համար նոր բացահայտումների աղբյուր է դառնալու։

«Սա ամբողջ հայության մասին է, որտեղից են եկել հայերը, ովքեր են նրանք, ինչպես են հայտնվել երկրագնդի երեսին, այդ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները մենք տալիս ենք ներկայացման մեջ։ Ինչպես ես եմ սիրում ասել, իմ ընկերները, խաղընկերները հանդիսանում են մարգարեներ, որոնք հանդիսատեսին ներկայացնում են այն բացահայտումները, որոնք հեղինակի կողմից գրվել են։

Ամենակարևոր բանը, որի մասին ուզում եմ խոսել, դա նորությունների ու բացահայտումների մեծ կծիկի մասին է, որը ներկայացման մեջ հերթականությամբ բացվում է։ Առհասարակ կյանքում երբեք ուշ չէ որևէ բան անելու համար»,- շեշտեց դերասանը։

Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի խոսքով՝ հենց բեմից մարդկանց բավականին մեծ ասելիք են հասցնում։ Մատուցվող նյութը բավականին ծավալուն է, դրան զուգահեռ՝ ունի մեծ բովանդակություն։

«Մեծ պատասխանատվություն է մեզ վրա դրված, որպեսզի մենք կարողանանք նյութը ճիշտ ընկալենք, հետո հասցնենք հանդիսատեսին։ Փորձում ենք ճիշտ ներկայացնել այդ ամենը, այնպես, որ հանդիսատեսը դահլիճից դուրս գա ու չմոռանա այն ամենի մասին, ինչը լսել է, որպեսզի գնա ուսումնասիրի։ Երբեք ուշ չէ սովորել»,- եզրափակեց Սոնա Մաթևոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս