
Սրանք մի օր էլ սահմանին մեծ ժալյուզի կքաշեն, որ անցնելիս հանկարծ աչքներս Արարատին չկպնի. Նարեկ Գալստյան

Նարեկ Գալստյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, թե պետք է հասկանալ, թե ինչու տեղի ունեցավ Ցեղասպանությունը։ Այսինքն, այդ տեխնիկական հարցադրումն իր ու իր խմբակի համար հասկանալի է, քանի որ նոր են սկսել կրթվել՝ այն համարելով նորաձև, այլ ոչ թե պարտադիր։ Մոդայիկ, անցողիկ…
Իսկ Ցեղասպանություն տեղի ունեցավ այն պարզ պատճառով, որ հայ քրիստոնյան Օսմանյան կայսրության այդ հատվածում իրեն համարում էր իրավմամբ հողի տեր, օկուպացված, ստրկացված մի ժողովուրդ, որի իրավունքները խլվել են սեփական բնօրրանի, կյանքի, գույքի ու պատվի նկատմամբ։
Արդյո՞ք ագրեսիա էր դա փաշաների, բեյերի ու վալիների նկատմամբ։ Իհարկե, այո’։ Ավելի հեշտ չէ՞ր կրոնափոխ լինել, թուրքանալ կամ քրդանալ ու հանգիստ ապրել։ Շատերը հենց այդպես էլ արել են։ Պրագմատիզմը ուրացումը չէ, Արարատի պատկերները փոխելը չէ։ Սրանք մի օր էլ սահմանին մեծ ժալյուզի կքաշեն, որ անցնելիս հանկարծ աչքներս Արարատին չկպնի։
Պրագմատիզմը սեփական ուժերի հաշվարկն է, սեփական ուժերի կուտակումը, դիվանագիտական ճկուն հարաբերությունները, ոչ թե կողմ լինելը, այլ դիրքորոշում ունենալը, ոչ թե ուրանալը, այլ սեփական մշակույթն ու արժեքները ամրապնդելը։
Ուրացե’ք, պարոնայք, կրոնափոխ եղեք, մերժե’ք ձեր ազգությունը, մերժե’ք ձեր արմատները։ Բայց մի’շտ հիշեք մելիքֆրանգյուլներին։ Հա, Րաֆֆին ֆանտաստիկ տողեր ունի, երբ նկարագրում է Դավիթ Բեկի մեջ Տաթևի իշխան Դավիթ Ուրացողի գերեվարումը։ Նրան տանում էին Սյունիքի գյուղերով, իսկ բոկոտն երեխաները վազում էին հետևից, թքում վրան ու երգում։
Լու’յս Լուսավորչի Հավատին,
Վա’յ ուրացող Դավթին…»: