
Եգիպտոսն արաբական երկրներին հորդորել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմ

Արաբական և իսլամական երկրները պետք է ստեղծեն միասնական գործիք՝ իրենց առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար։
Այս մասին նշել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին՝ սեպտեմբերի 15-ին ելույթ ունենալով Դոհայում Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովին։
«Ժամանակն է մշակել արաբա-իսլամական մեխանիզմ՝ անվտանգության, քաղաքական և տնտեսական ոլորտներում սպառնալիքներին հակազդելու համար։ Սա կօգնի մեզ ամրապնդել մեր ներկայիս դիրքերը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցներ ձեռնարկել հակամարտությունները լուծելու համար», – ընդգծել է ալ-Սիսին։ Նրա ելույթը հեռարձակվել է կատարյան «Ալ Ջազիրա» հեռուստաալիքով։
Եգիպտոսի առաջնորդի խոսքով՝ հակառակորդը պետք է հասկանա, որ Ատլանտյան օվկիանոսից մինչև Պարսից ծոց ցանկացած արաբական և իսլամական երկիր պաշտպանված է։ «Մենք թույլ չենք տա ոտնձգություններ մեր պետությունների ինքնիշխանության նկատմամբ և թույլ չենք տա որևէ մեկին արժեզրկել խաղաղության հասնելու մեր ջանքերը», – շեշտել է Եգիպտոսի նախագահը։
Արաբական պետությունների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովը հրավիրվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Կատարի մայրաքաղաք Դոհային, ինչի հետևանքով սպանվել են Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավար Խալիլ ալ-Հայան և նրա ղեկավարության երեք անդամ։
Կատարը դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական կենտրոնակայանին հասցված հարվածը։ Կատարի արտգործնախարար Մաջիդ ալ-Անսարին հարվածն անվանել է միջազգային օրենքի և նորմերի կոպիտ խախտում։