«Ահաբեկության փորձի» մասին տեղեկությունը մտածված է, որը կամ պետք է դիվանագիտական կուլիսներում «վաճառելու» համար կամ ավելի լայն՝ բազմաքայլ կոմբինացիայի տրամաբանությամբ. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Ադրբեջանական քարոզչամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, թե օկուպացված Ստեփանակերտում կանխվել է զինված միջադեպ՝ «տեղաբնակ, հայկական ծագմամբ Կարեն Ավանեսյանի» մասնակցությամբ, որն ըստ տարածած տեղեկության՝ 1967 թվականի ծնունդ է:

Ըստ ադրբեջանական մեդիայի, դեպքը իբրև թե տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին: Նշվում է, թե Ավանեսյանն իբրև թե «նախապես թաքցրել էր անտառային տարածքում «Կալաշնիկով» ավտոմատ, չորս փամփշտատուփ՝ փամփուշտներով և հինգ նռնակ։ Զենքը վերցնելուց հետո նա ուղևորվել է զանգվածային միջոցառման վայր»:

Շարունակությունը. «Ավանեսյանին ձերբակալելու փորձի ընթացքում վերջինս նետել է երեք նռնակ և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ։ Պատասխան կրակից նա վիրավորվել է և ձերբակալվել։ Ոստիկանության մի աշխատակից տուժել է։

Դեպքի առիթով Գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ են հարուցել, շարունակվում են օպերատիվ-հետաքննչական միջոցառումները»:

Մեղմ ասած բավականին ոչ արժանահավատ մի սցենար, որը առաջացնում է հարց, թե ինչի համար է այն նետվել դաշտ: Ընդ որում, մի փոքր ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ այդ տեղեկությունը՝ օկուպացված Ստեփանակերտում իբրև թե սադրանքի մասին, դաշտ է նետվել երեք տարի առաջ տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի՝ սեպտեմբերի 13-14-ի տարելիցի օրերին:

Համենայն դեպս, ունեմ տպավորություն, որ տեղեկությունը դաշտ է նետվել ենթադրյալ շարունակության հաշվարկով»:

«Գործնականում չկա ոչ մի կասկած, որ Ստեփանակերտում մնացած հատուկենտ հայերը գտնվում են Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տոտալ հսկողության ներքո: Նրանք երևի թե նույնիսկ չեն կարող աչք թարթել, որը չնկատի աայդ ծառայությունը: Կրկնեմ, առավել ևս, որ խոսքը ընդամենը մեկ տասնյակ կամ մի փոքր ավելի հայերի մասին է, ընդ որում որոնց զգալի մասը մեղմ ասած բավականին խնդիրներով մարդիկ են:

Եվ ահա, այս պարագայում, որևէ մեկը եթե փորձի զենք վերցնել, այն էլ անտառում թաքցրած, նրան հենց անտառում էլ կձերբակալեին:

Հետևաբար, սրանով է նաև, որ մեղմ ասած արժանահավատ չէ, որ որևէ մեկը կարող էր վեր կենալ, վերցնել անտառում թացրած ինչ որ զենքեր, հետո պատրաստվեր, հավաքեր նռնակներն ու գնար զանգվածային միջոցառման վայր իբր ահաբեկություն իրականացնելու համար:

Հետևաբար, հենց սա է, որ մեղմ ասած առաջացնում է կասկած, որ «ահաբեկության փորձի» մասին այս տեղեկությունը մտածված մի բան է, որը կամ պետք է դիվանագիտական կուլիսներում «վաճռելու» համար՝ որևէ շանտաժային տրամաբանությամբ, կամ պատրաստվում է այս տեղեկատվության շարունակությունը՝ ավելի լայն բազմաքայլ կոմբինացիայի տրամաբանությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս