
«Այս իշխանությանը հայ ժողովրդի պատմությունը չի հետաքրքրում». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ ադրբեջանցիները կարողացան 44-օրյա պատերազմից հետո մխրճումներ իրականացնել ՀՀ ինքնիշխան տարածքում, հետագայում դառնալու է իրավական գործընթացների հիմք, որովհետև դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունը նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությամբ հանձնեց Քաշաթաղի, Քարվաճառի շրջանը։
«Այդ պայմաններում առաջնագծում անհրաժեշտ կահավորման աշխատանքներ, մարտական հերթափոխ չիրականացվեց, ինչն էլ ադրբեջանցիներին հնարավորություն տվեց գրեթե անարգել, անխոչընդոտ մուտք գործել ՀՀ տարածք մինչև 7,5 կմ խորությամբ։ Այդ հանգամանքը, որպես ճնշում, սպառնալիք, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարտավարական առումով կարևոր ուղղություններով էր այդ մխրճումը, հնարավորություն ստեղծեց Ադրբեջանի համար բանակցային գործընթացում Հայաստանից լրացուցիչ բաներ կորզելու։
Ինչ վերաբերում է կոնկրետ այսօր ստեղծված իրավիճակին այդ տարածքների շուրջ, Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում են այն մասին, որ կարգավորումը սահմանազատման աշխատանքներով է։ Բայց սահմանազատման գործընթացը մեկնարկեց ոչ թե այն հատվածներում, որտեղ ադրբեջանցիները եկել ու մխրճվել են, այլ այն հատվածներում, որոնք Ադրբեջանը համարում էր առաջնային»,- Մուսալեռան հերոսամարտին նվիրված հուշահամալիրում 168.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման, դրա հետևանքների մասին։
Պատգամավորը շեշտեց՝ այս ամբողջ ընթացքում ՀՀ իշխանությունը պատասխան չի տվել, թե ինչպես է 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո Հայաստանի մի մեծ հատված թողել անպաշտպան, և որևէ մեկը՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, և նույնիսկ ո՛չ էլ բարոյական առումով պատասխանատվություն չի կրել ՀՀ իշխանություններից՝ այն տապալման համար, որը Հայաստանի համար արժեցել է ոչ միայն տարածքների կորուստ, այլև մարդկային հսկայական զոհերի։
«2022 թվականի սեպտեմբերյան գործողությունների ընթացքում 200-ից ավելի մարդ է զոհվել, անհետ կորել, էլ չեմ ասում բազմաթիվ վիրավորների մասին։ Տարածքային ու մարդկային կորուստներ գրանցվել են նաև 2021-2023 թվականներին այն ուղղություններով, որտեղ Ադրբեջանն առաջխաղացում է ունեցել՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիք մարզերի ուղղություններով»,- հավելեց պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանը նաև նշեց՝ Ադրբեջանն, այսպես կոչված, սահմանազատման գործընթացին զուգահեռ՝ անընդհատ ինժեներական առումով ամրապնդում է իր այն դիրքերը, որտեղ ունեցել է ճեղքումներ, առաջխաղացումներ, այդ թվում՝ վերջին շրջանում։
«Հայաստանի իշխանությունն ամեն գնով և բոլոր առիթներով փորձում է փակել բոլոր այդ պատմական էջերը, որովհետև գլոբալ առումով պատմության խեղաթյուրումների գնացող իշխանությունը չի արժևորում մարդկային կյանքը, իշխանության համար ոչ էլ հայ ժողովրդի պատմությունն է որևէ արժեք ներկայացնում»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները տարբեր ուղղություններով հարձակվեցին Հայաստանի վրա՝ Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ուղղություններով։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում