Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրքական քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի բեկանման պահանջը, որը սահմանում է, որ ամուսնալուծված կանայք 300 օր չեն կարող նորից ամուսնանալ: Դատարանը ձայների մեծամասնությամբ մերժել է Ստամբուլի 8-րդ ընտանեկան հարցերով դատարանի դիմումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ստամբուլի ընտանեկան հարցերով դատարանը պահանջել էր այս օրենքի չեղարկումը՝ հավասարության սկզբունքի խախտման պատճառաբանությամբ: Դատարանը նշել էր, որ կանանց համար նախատեսված 300-օրյա սպասման ժամկետը, որը տղամարդկանց համար չի գործում, խախտում է հավասարության սկզբունքը:

Ընտանեկան դատարանը փաստարկել էր, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կանանց ու տղամարդկանց հավասարությունը, անարդարացիորեն սահմանափակում մասնավոր կյանքի և ընտանիք ստեղծելու իրավունքը»:

Օրենսգրքի 132-րդ հոդվածի նպատակը ներկայացվում է որպես «դեռ չծնված երեխայի հոր ինքնության շուրջ սերնդաբանական շփոթությունների կանխարգելում»:

Ներկայիս կարգավորմամբ՝ կինը ամուսնալուծությունից հետո նվազագույնը 300 օր անց միայն կարող է ամուսնանալ: Այս ժամկետը կարող է վերացվել դատարանի որոշմամբ ծննդյան, հղիության, բժշկական հաստատման կամ նախկին ամուսինների կրկին ամուսնանալու ցանկության դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս