
4500 դոլար յուրաքանչյուր քաղաքացու ուսերին. իշխանության «հոգատարության» գինը

Հայաստանի Հանրապետությունն անկախության առաջին 27 տարիների ընթացքում, մինչև իշխանափոխությունը, կուտակել էր շուրջ 6.9 մլրդ դոլար պետական պարտք, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 7 տարվա ընթացքում «հաջողեց» այն ավելի քան կրկնապատկել՝ սերունդների վզին փաթաթելով հավելյալ 7 մլրդ դոլարի նոր պարտք (01.07.2025թ. դրությամբ), ինչը նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ուսերին ծանրացած պարտքը կրկնակի ավելացել է` կազմելով 4491 դոլար։
Պետական պարտքի ընդհանուր մեծության և բնակչության թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության հիման վրա հաշվարկված մեկ շնչի հաշվով պետական պարտքի պատկերը ներկայացվում է ստորև:
Ոչ խորը մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 4-հոգանոց հայաստանյան ընտանիքը, բացի սեփական պարտքերից, շուրջ 18 000 դոլարով էլ ծանրաբեռնված է պետական պարտքի գծով, իսկ լույս աշխարհ եկող յուրաքանչյուր հայաստանցի մանուկ ծնվում է շուրջ 4500 դոլարի պարտքն ուսերին։ Եվ դա այն պատճառով, որ ունենք այսպիսի «հոգատար» իշխանություն։
Պարտքի աճին զուգահեռ Հայաստանի քաղաքացիների կենսամակարդը ոչ միայն չի բարձրանում, այլև վերջիններս պարբերաբար առերեսվում են գնաճի, տույժերի ու տուգանքների սահմանաչափերի օրեցօր ավելացմանը։
Այսօր պարտքի հաշվին իշխանությունը պահպանում է տնտեսական կեղծ կայունություն, սակայն վաղը դրա գինը վճարելու են ոչ թե այսօրվա պաշտոնյաները, այլ ժողովուրդը՝ հատկապես ապագա սերունդը։ Եթե այս միտումը շարունակվի, ապա վաղ թե ուշ անխուսափելիորեն ստեղծվելու է մի իրավիճակ, երբ ներգրավվելու են նոր պարտքեր՝ նախկինում վերցված մեկ ուրիշ պարտքը սպասարկելու/մարելու համար։
Այդպիսի քաղաքականությունը նշանակում է ոչ թե ապագա կառուցել, այլ ապագան գրավադրել. հարցականի տակ դնել երկրի ու ապագա սերունդների վաղվա օրը։