Բաժիններ՝

«Դժոխքի մեջով անցնելով՝ դրախտում մնաց». պատմվածք՝ 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Օհանջանյանի մասին

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ներկայացրել է 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Վարդանյանի պատմվածքը 44-օրյա պատերազմի մասնակից Էրիկ Օհանջանյանի մասին է։

«Դժոխքի մեջով անցնելով՝ դրախտում մնաց։

Էրիկը սայլակով մոտենում է մեքենային, ձեռքերի օգնությամբ սայլակից տեղափոխվում մեքենա, սայլակը քանդում, դնում կողքը, մեքենան վարելով՝ Զինվորի տուն բուժման գալիս։ Արդեն 5-րդ տարին է՝ Էրիկի ոտքերին սայլակն ու մեքենան են փոխարինում։

«Երևանում եմ ծնվել։ Հարազատ հորեղբայրս, ում հետ նույն տան մեջ ենք ապրում, ի ծնե հաշմանդամություն ունի՝ Մանկական գանգուղեղային կաթված։ Իրենից շատ բան եմ սովորել, ինչպես այդ վիճակում ամուր և անկոտրում լինել, ինքնուրույն լինել, արշավների գնալ՝ լիարժեք կյանքով ապրել։ Ինքն ինձ համար ուժեղ մարդու օրինակ է, ու երբ վիրավորվեցի, իր օրինակով առավել հեշտ հաղթահարեցի դժվարությունները»,- պատմում է Էրիկը։

Էրիկ Օհանջանյանն Ասկերանում էր ծառայում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, մեկ ամսվա ծառայող էր, 18-ը նոր էր լրացել։ Ասկերանից Հադրութ տարան, որտեղից կռվելով, պայքարելով՝ Շուշիի Քարինտակ գյուղը հասան։

«Շատ մոտիկից էինք վարում մարտը, երբ վիրավորվեցի։ Իմ նման նորակոչիկ մարտընկերներս ինձ դժվարությամբ ու հրաշքով հանել են մարտադաշտից, այդ գործողության ժամանակ զոհեր ու վիրավոր տալով՝ մի քանի կիլոմետր քարշ տալով ինձ դաշտային հիվանդանոց հասցրեցին ու փրկեցին կյանքս։ Վահե անունով նորակոչիկ ընկեր ունեի, մի ձեռքով ինձ թիկունք էր քաշում, մյուսով կրակում։ Ափսոս ինքն էլ զոհվեց»,- պատմում է Էրիկը։

«2021թ-ին Գերմանիա բուժման գնացի։ Բուժումը լավ էր, բայց ամիսներ հետո թողեցի հետ եկա։ Այստեղ ինձ առավել շատ բուժում են Երևանը, ընտանիքս, ընկերներս, Զինվորի տան բժիշկների ու կինեզիստների հոգատարությունը, վերաբերմունքը՝ որպես հարազատի, որպես իրենց զինվորի։ Մեր հասարակությունը զինվորին սիրել ու իր վերաբերմունքով բարձրացնել, բուժել գիտի»,- ասում է Էրիկը։

Էրիկին հաճախ կարելի է տեսնել Երևանում սայլակով զբոսնելիս. «Երևանը անհարմար է անվասայլակին, բայց ինձ դժվարություներն են ուժեղացրել, դարձրել այն, ինչ կամ՝ չտրտնջացող, լավատես»։

Զինվորի տանը տարատեսակ կրթական ծրագրեր են կազմակերպվում, որից հազարավոր վիրավոր զինվորներ են օգտվել՝ ստանալով նոր մասնագիտություն ու աշխատանք։ Այդպիսի մի կրթական ծրագրի շրջանակում էլ Էրիկը վեբ դիզայն սովորեց. «Մինչև բանակն էլ սիրել ու հետաքրքրվել եմ վեբ դիզայնով։ Հիմա էլ բուժումներից ազատ ժամերին սովորում, կատարելագործում եմ գիտելիքներս՝ աշխատելու, լավ գործ անելու հաստատ որոշումով»:

Սովորելուն զուգահեռ էլ անընդհատ աշխատանքներով է հետաքրքրվում, իր ունակություններին ու կարգավիճակին համապատասխան աշխատանքներ է նայում։

Էրիկը գրեթե հինգ տարի սայլակին է: Առողջական խնդիրները չեն խանգարում, որ շուրջը բարություն ու սեր տարածի։

«Պատերազմի ամբողջ 44 օրերի ընթացքում օրը հազար անգամ աղոթում էինք։ Հիմա էլ դժվար պահերը Աստծո հետ զրուցելով եմ հաղթահարում»,- ասում է Էրիկը»,- նշված է պատմվածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031