
«Վիճակը լուրջ է, թե ինչո՞ւ են այսպես անում՝ վաղ թե ուշ բացահայտվելու է, քանի որ «գրպանահատությունը» մի օր կբացահայտվի». Հրաչ Բերբերյան

Արդեն տևական ժամանակ է՝ ծաղիկ մշակող անհատները չեն կարողանում իրենց ծաղիկներն արտահանել դեպի Ռուսաստան, քանի որ «Ռոսսելխոզնադզորն» արգելել է Հայաստանի տարածքով երրորդ երկրներից ծաղիկների ներկրումը` դրանցում կարանտինային օբյեկտների հայտնաբերման պատճառով։
Ռուսաստանում կարանտինային բուսասանիտարական իրավիճակի վատթարացումը կանխելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչություն՝ համալիր միջոցառումներ ձեռնարկելու և մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու խնդրանքով։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի բնորոշմամբ՝ սա շատ բարդ խնդիր է, որը պահանջում է շուտափույթ լուծում, քանի որ ծաղիկը երկար չի կարող սահմանին կամ հողից դուրս սպասել։
«Եթե եվրոպական արտադրության ծաղիկներ լինեն, ապա 1 ամսից ավելի կսպասեն, հակառակ դեպքում՝ դրանք 1 շաբաթ էլ չեն մնա։
Ինչ վերաբերում է մեր արտադրանքին, բնականաբար, մեր արտադրողներն այդ տեխնոլոգիան չունեն, հետևաբար՝ ծաղիկը հողից պոկելուց անմիջապես հետո պետք է իրացվի, այդ նյութերը չկան, որ կարողանան ծաղիկը պահել։
Իսկապես վիճակը շատ լուրջ է, թե ինչո՞ւ են այսպես անում, կարծում եմ՝ վաղ թե ուշ բացահայտվելու է, քանի որ «գրպանահատությունը» մի օր կբացահայտվի։
Այս հարցը կլուծվի, ու սա դաս կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են գերշահույթ ստանալ։
Պետք է լավ ուսումնասիրել՝ ում ձեռնտու չէ ծաղիկների արտահանելը, շատ հնարավոր է, որ որոշ մարդիկ ցանկանում են այս բիզնեսն էլ իրենց ձեռքը գցել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում թացն ու չորը խառնվել է իրար։
«Հիմա հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Իրանի ճանապարհը չեն փակում։ Կոնյակի արտահանման հետ կապված էլ եղավ, չէ՞, խնդիր, դե թող Էկոնոմիկայի նախարարը պարզ ասի, թե ինչո՞ւ փակվեց ճանապարհը։ Եթե Հայաստանի իշխանությունն ազնիվ աշխատի, ապա այդ ազնվության հետ մենք կունենանք մեր դրական պատասխանը, ու հող մշակողն ու արտադրողն էլ չեն տուժի։ Իրենց թվում է՝ Ռուսաստանը միամիտ պետություն է, որին կարող են խաբել, տեսեք՝ ինչ է անում Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ, նրանց վիճակը շատ է վատանալու»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ ավելի լավ է ՀՀ պատկան մարմինները քիչ աշխատեն, բայց ամեն օր աշխատեն, հատկապես, որ այսօր Ռուսաստանը կարտոֆիլի մեծ պահանջարկ ունի, իսկ Հայաստանը կարող է այդ առումով հանգիստ լինել և իր արտադրածն արտահանել ՌԴ։
«Գյուղացուն խաբում են, չեն օգնում, հետո էլ խնդիրների դեպքում նրա ձայնը չեն լսում։ Սրտացավություն պետք է լինի, ոչ թե գրպանահատությամբ զբաղվեն՝ գյուղացու հաշվին։ Լավ, ինչքան վատը պետք է լինես, որ բերես գյուղացուն չծլած ցորեն բաժանես, որ գյուղացին չկարողանա իր ընտանիքը պահել, ցորենն էլ դրսից բերենք։
Եթե այդքան լավն են, թող նորմալ գյուղատնտեսական տեխնիկա բերեն Հայաստան, չդարձնեն մոնոպոլիա, գլխին էլ մի օլիգարխ կանգնեցնեն, չկա մրցունակություն։
Մեր դժբախոտությունն այն է, որ չունենք Գյուղատնտեսության նախարար և վարչապետին կից գյուղատնտեսական հանձնաժողով։ Իսկ Էկոնոմիկայի նախարարությանը որևէ գյուղացի չի ընդունում, դա Գյուղատնտեսության նախարարություն չէ, այն կոորդինացնող նախարարություն է»,- հավելեց մեր զրուցակիցը։