Եթե ձեր ամբողջ թաղամասում է հոսանքի խնդիրը, ԲԷՑ-ն է, եթե մի քանի շենքում՝ ՀԷՑ-ը. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր անդրադարձել է ՀԷՑ շուրջ տեղի ունեցող զարգացումներին և իշխանությունների կողմից հնչող մեղադրանքներին։

«Եթե դուք տեսնում եք վթար, երբ շատ մեծ քանակի տարածք է հոսանքազրկվել, ասենք Երեւանի երեք թաղամաս, դա չի կարող լինել ՀԷՑ-ի պատասխանատվության տակ, որովհետեւ ՀԷՑ-ի ենթակայանները սնուցում են փոքր թաղերը։ Մեծ վթարները՝ ԲԷՑ-երի պատասխանատվության տիրույթում են․ այդպես եղավ մի քանի օր առաջ, նաև մայիս ամսին։ Գիտեմ, որ շատ դժվար է տարբերել, բայց եթե ամբողջ շրջանում հոսանքազրկման խնդիր կա, ուրեմն, ԲԷՑ-ն է, եթե հոսանքազրկումը մի քանի շենքում է, ուրեմն՝ ՀԷՑ-ում է խնդիրը»,-  ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա նաև հայտարարեց, որ այն լարերը, որոնք փողոցում, Երևանի կենտրոնում տեսնում ենք, դրանք ՀԷՑ-ինը չեն։

«Դրանք ինտերնետային լարեր են։ Ինչքան էլ տարօրինակ հնչի՝ ՀԷՑ-ի լարերը բոլորը հողի տակ են»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով 2015 թվականից «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարված ներդրումներին և ձեռքբերումներին, Նարեկ Կարապետյանն ասաց, որ Հայաստանում ամենամեծ թվային համակարգը, որ գործում է, էլեկտրաէներգիայի հաշվիչների համակարգն է։

«800.000 մարդ միացած է այդ համակարգին՝ օնլայն ռեժիմով և դա օգնել է գողությունների դեմ մեծ պայքար մղել»,- նշեց նա։

Նարեկ Կարապետյանը նաև հավելեց որ այդպիսով բաժանորդների վճարած գումարներից տարեկան 40 միլիոն դոլար է խնայվում և վերադարձվում ՀԱԷԿ-ին, Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի էլեկտրաէներգիայի գինը չբարձրանա․

«Եթե մենք սա չանեինք վերջին 8-9 տարիների ընթացքում, 40 միլիոն դոլար ավել գումար պիտի ժողովուրդը վճարեր լույսի փողը։ «Տաշիր» ընկերությունների խմբի այս քաղաքականության արդյունքում այսպիսի մեծ ազդեցություն թողնվեց սակագնի վրա»։

Ի դեպ, ինչպես նշեց Նարեկ Կարապետյանը՝  մասնավորեցումից հետո «ՀայՓոստ» ընկերությունը համարյա երկու անգամ բարձրացրել է իր ծառայությունների արժեքը, «Վեոլիա-ջուր» ընկերությունը՝ վերջին 5-6 տարիների ընթացքում սակագները բարձրացրել մոտ 10 տոկոսով, իսկ պետական ԲԷՑ-ը՝ 80 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս