«Ցանկացած դեպքում պետք է վերցնել մանդատները». Արմեն Մարտիրոսյան
Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը դեռ չի քննարկել մանդատները վերցնել-չվերցնելու հարցը, սակայն վերցնելը չի նշանակում ընդունել ընտրության արդյունքները։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ մանդատը վերցնելով՝ իրենք իրենց վրա դրված պատասխանատվությունն են փորձում իրացնել։ Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ մանդատները վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ իրենց ուժը ավագանու կազմում պետք է ներկայացնի ոչ միայն իրենց և մյուս ընդդիմադիր ուժերի ընտրողների շահերը, այլ նաև այն քաղաքացիների, ովքեր կաշառք են վերցրել և ընտրել իշխանությանը։
Թեպետ այդ հարցը, ինչպես նշվեց, դաշինքում դեռ չի քննարկվել, Արմեն Մարտիրոսյանի անձնական տեսակետը այդ հարցում արդեն հայտնի է։ «Որպես Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչ, ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում պետք է վերցնել մանդատները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ստեղծված իրավիաճակում պետք է օգտագործել քաղաքացու տված վստահությունը։