
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. Արարատում կարկուտից հետո այգիներում եղած բերքը դեղնում-թափվում է

Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել այգիներին։ Արտաշատում կան գյուղեր, որտեղ մասամբ կամ ամբողջովին վնասվել են այգիները։ Առատ ծիրանի բերք սպասող բնակիչները կանգնել են փաստի առաջ, չգիտեն՝ ինչպես են փակելու վարկերը, որը վերցրել են այգիները մշակելու համար։
Բնակիչների կրած վնասները դեռևս չեն գնահատվել, համայնքապետարանին կից ստեղծվել է հանձնաժողով, որպեսզի գնահատեն վնասը։
Արտաշատի Արևաշատ գյուղն ամենաշատ վնաս կրած գյուղերից մեկն է։ Էդիկ Հայրապետյանի այգին մի կողմից՝ կարկուտն է վնասել, մյուս կողմից էլ՝ տարածված ինչ-որ վիրուս, որի արդյունքում ծառին եղած բերքը դեղնում է։
«Հիմա գյուղում հանձնաժողով կա, հանձնաժողովի կազմում ես կամ, պետք է հաշվարկենք, թե ինչ վնաս ենք կրել, քանի տոկոսով են այգիները վնասված և այլն։ Այս բոլոր հաշվարկներն անելուց հետո երկուշաբթի կներկայացնենք մարզպետարան։ Հիմա այգիներում շրջում ենք՝ այդ հաշվարկներն անելու համար։ Գյուղում այգիները գրեթե ամբողջական վնասվել են, բայց հատվածներ կան, որ կարկուտը թույլ է հարվածել, այգիներ կան՝ ուժեղ։
Հիմա, բացի կարկուտից, ծառի վրա ծիրանի պտուղները թափվում են։ Չգիտենք՝ սա ինչից է, գուցե կարկուտից է, կամ խոնավությունից, կամ էլ՝ վիրուս է։ Պտուղը դեղնում, թափվում է, հիմա չգիտենք՝ քանի տոկոսը կթափվի, քանի տոկոսը կմնա ծառի վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Էդիկ Հայրապետյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ նախորդ տարիներին կարկուտ չի եղել, բայց խոնավությունից ինչ-որ չափով պտուղը դեղնել է, սակայն այս տարի վիճակը սարսափելի է, ինչպես ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում։
«Բնակիչների վարկերը շատ-շատ են, որովհետև մարդիկ սկզբնական ծախսեր են անում՝ ծիրանի, դեղձի վրա, հողն են փորում տեխնիկայով, պարարտանյութ են առնում, ծախսեր են»,- շեշտեց նա։
Հարցին՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելե՞լ է Արևաշատ, քանի որ այգիների կարկտահարությունից հետո նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այցելելու է վնաս կրած գյուղեր։
«Աբովյան է գնացել, ընդհանուր եզրակացության եկել, որ կարկուտը բոլոր տեղերին էլ խփել է։ Հիմա մարզպետարաններին ասվել է, որ չափը որոշեն»,- ընդգծեց Էդիկ Հայրապետյանը։
Արարատի մարզի՝ Գետազատ գյուղում նույնպես հաշվարկում են կրած վնասները։
Գետազատ գյուղի բնակիչ Արթուր Ղազարյանի խոսքով՝ գյուղում տեղեր կան, որ կարկուտը շատ է վնասել, տեղեր էլ կա՝ քիչ։ Կոնկրետ իր այգին 40-50 տոկոսով վնասվել է։
«Հաշվարկը չեմ կարող ասել, թե ինչքան է վնասվել, բայց ահռելի վնաս ենք կրել։ Երեկ եմ գնացել իմ այգի, ծառի վրա մնացած պտուղերն էլ դեղնում ու թափվում են։ Մնացած պտղի վրա էլ ամբողջովին կետեր են, վնասված անպիտան բերք է դարձել։ Մթերող ընկերություններից դեռևս որևէ մեկի հետ չենք խոսել, որևէ մեկը չի եկել, բայց մենք չգիտենք՝ այսպես վնասված բերքն ո՞վ կընդունի։ Ես երևի այն քիչ բնակիչներից եմ, որ այգիս վարկով չեմ մշակել, իհարկե, վարկ ունեմ, բայց այգու համար չեմ վերցրել, սակայն բնակիչների 90 տոկոսը վարկով է մշակել այգին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Ղազարյանը։
Նա շեշտեց, որ եթե այս տարի կարկուտը չլիներ, ծիրանի առատ բերք էին սպասում։ Կարկտի ամպերն այնքան հզոր են եղել, որ նույնիսկ հակակարկտային կայանները չեն կարողացել դեմն առնել։
«Հակակարկտային կայաններից մեկի մոտ եմ եղել, աշխատեցրել են, բայց ամպերն այնքան խիտ են եղել, որ նորմալ արդյունք չի տվել։ Աշխատողն ասում էր՝ չենք կարողանում ամպի դեմն առնենք։
Գյուղացու ամբողջ բերքը վնասվել է, ծառի վրա եթե 10 ծիրան մնացել է, 10-ն էլ վնասված է։ Նշավան գյուղում ամբողջովին է բերքը վնասվել, մարդիկ համատարած բողոքում են»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը։