
«ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նման հայտարարություն անելու փոխարեն՝ պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու». Վանեցյան
«Վերջին երկու տարվա ընթացքում ես զբաղված եմ եղել կուսակցաշինությամբ. այդ աշխատանքի արդյունքում է, որ իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն այսօր գրասենյակներ ունի Հայաստանի տարբեր մարզերում։ Մենք որտեղ գնում, բնակչության հետ աշխատում ենք, լսում նրանց խնդիրներն ու պահանջները, հետևապես, իմ այդ զբաղվածությունն էր պատճառը, որ վերջին երկու տարվա ընթացքում մեդիայի հետ իմ աշխատանքում որոշակի պասիվացում էր նկատվում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով իր քաղաքական ակտիվացմանը նախորդած պասիվացման պատճառների մասին, նման տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կուսակցաշինությունը կարևոր և հրատապ է, հատկապես, երբ կա գիտակցում, որ Հայաստանում չկա դասական քաղաքական պայքար, և իշխանության մաս չկազմող իրական ըննդդիմադիր ուժերն ազգային-ազատագրական պայքար են մղում։
«Հայկական շահն առաջ մղող ուժերը պետք է հասկանան մի բան՝ իրականում մենք ազգային-ազատագրական պայքարի մեջ ենք։ Պետք է քայլեր ձեռնակել մեր հայրենիքը ներքին թշնամուց ազատելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Վանեցյանը պատասխանեց՝ քայլեր, որոնք տեղավորվում են սահմանադրական ճանապարհների մեջ։
Հարցին՝ Ազգային-ազատագրական պայքարն արդյո՞ք ենթադրում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն անելուն միտված քայլեր, Արթուր Վանեցյանն արձագանքեց.
«Ավելի ռադիկալ քայլ մնում է միայն ահաբեկչություն անենք, ինչը ճիշտ չէ, մենք ահաբեկիչներ չենք»: Դրանով հանդերձ՝ ընդունեց, որ 2020 թվականի պատերազմից հետո որևէ քայլ, որը նախաձեռնել է ընդդիմությունը, չի բերել երկրում իշխանափոխության, որովհետև Փաշինյանն անում է ամեն բան իշխանությունը պահելու համար։
«Միևնույն ժամանակ, եթե չպատրաստվենք ընտրություններին, հիմա մերժենք ընտրությունների գաղափարը, և ասենք, թե զբաղված ենք ազատագրական պայքարով, ի՞նչ է դա տալու։ Փաշինյանը հասկանում է՝ իշխանությունը կորցնելուց հետո այս երկրում հանգիստ ապրելու շանս չունի, հետևապես, մարդկանց պետք է հասցնել այն ընկալման, որ այս իշխանությունից պետք է ազատվել։ Չբացառելով փողոցային պայքարը՝ պետք է պատրաստվել ընտրությունների, որոնք, ուզենք թե չուզենք, մի օր լինելու են։ Կրկնում եմ՝ «Հայրենիք» կուսակցությունը պատրաստվում է 2026-ի ընտրություններին, բայց, եթե լինեն այլ պրոցեսներ, դրանց ևս մասնակցելու ենք»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք այդ այլ պրոցեսներից մեկի՝ Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու նախաձեռնության մասին, Վանեցյանը պատասխանեց՝ ոչ մի իրական ընդդիմադիր քաղաքական ուժ չի կարող դեմ արտահայտվել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Իմպիչմենտի գործընթացը ցանկացած պատգամավոր էլ կարող է նախաձեռնել, վերցնել ձևաթուղթը, գրել իր ցանկալի վարչապետի թեկնածուի անունն և տանել պատգամավորներին ասել՝ ստորագրեք։ Օրինակ, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, լինելով խորհրդարանի երկրորդ ամենամեծ ուժը, պետք է առաջադրեր վարչապետի թեկնածու։ Վստահ եմ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն անպայման անելու են քայլեր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Չեն կարող ԱԺ ընդդիմադիր պատգամավորները դեմ լինել Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Եթե գեներացվի գործընթաց և լինեն դրա տակ չստորագրող ընդդիմադիր պատգամավորներ, այն ժամանակ պատասխանը կտանք»,- շեշտեց Արթուր Վանեցյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։