
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել կասեցնելու դատավոր Գաբրիելյանի լիազորությունները՝ մինչև քրեական վարույթի ավարտը։
Խորհուրդը նաև բավարարել էր գլխավոր դատախազի միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կաշառք ստանալու մեղադրանքով բերման է ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել է։
Երեկ հայտնի դարձավ, որ կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ մեղադրանք է ներկայացվել 2 անձի։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Sputnik Արմենիային տեղեկություններով՝ կալանավորվածները դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն ու օգնականն են։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերին ՀՀ դատախազությունը պահանջել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ և գումար։
Բարձրագույն դատական խորհուրդն էլ կարգապահական պատասխանատվության էր ենթարկել Գաբրիելյանին։
Հավելենք, որ նա դատավարել է Պեմզաշենի սպանության, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, գործարար Սամվել Մայրապետյանի, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև «Սասնա Ծռերի» գործերը։
Արտուշ Գաբրիելյանը նաև կալանքի որոշումներ է կայացրել Նարեկ Սամսոնյանի, Միքայել Մինասյանի, Գարիկ Գալեյանի, ընդդիմադիր գործիչների նկատմամբ, Հրայր Թովմասյանի տանը խուզարկություն իրականացնելու թույլտվություն է տվել: