
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։
Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։
Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։
Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։ Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։