
Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածը

Բրիտանական The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը հոդված է հրապարակել՝ զուգահեռներ անցկացնելով 20-րդ դարում Օսմանյան Կասրությունում իրականացված Մեծ եղեռնի և 21-րդ դարում ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման միջև:
«Պատմական շարունակվող ոճրագործություններ» այսպես է բնորոշել հոդվածի հեղինակ Դեյվիդ Ալթոնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվածը:
«1915 թվականին հայ եպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանը ընդամենը տասնվեց փրկվածներից մեկն էր այն 250 մտավորականներից, ովքեր ձերբակալվել և արտաքսվել էին Հայոց ցեղասպանության ընթացքում։ Նրա սարսափելի փախուստը մահվան երթերից դեպի Սիրիայի անապատ նկարագրված է «Հայ Գողգոթան» գրքում՝ վկայություն, որը մերժում է պատմության մոռացությունը և զգուշացնում դրա մահաբեր հետևանքների մասին։
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը կհավաքվի՝ ոգեկոչելու այս ողբերգությունը։ 2015թ.-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց զոհերին՝ նրանց հռչակելով որպես սրբեր։ Այս հիշատակի պահը ոչ միայն անցյալը սգալու մասին է, այլ նաև ներկային դիմագրավելու կոչ է։ Պատմական ու շարունակվող ոճրագործությունների միջև շարունակական կապը պարտադրում է մեզ այժմ խոսել՝ առանց երկիմաստության։
Այսօր նույն հայերի սերունդները կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023 թվականին ավարտին հասցրեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) էթնիկ զտումը՝ հարկադրելով 120,000 էթնիկ հայերին հեռանալ իրենց պատմական հայրենիքից։ Չնայած մարդու իրավունքների փորձագետների և միջազգային կառույցների հրատապ նախազգուշացումներին՝ աշխարհի առաջնորդները կրկին շրջվել են այլ կողմ։Լեռնային Ղարաբաղը՝ լեռնային գոտի, որտեղ հայկական ներկայությունը թվագրվում է մ.թ.ա. 2-րդ դարով, և ուր ես անձամբ այցելել եմ, 10 ամիս շրջափակված էր Ադրբեջանի կողմից՝ կտրված լինելով սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտ ապրանքների մատակարարումներից։
Այդ ամենն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերյան ռազմական հարձակմամբ ու զանգվածային արտագաղթով՝ անցյալի ոճրագործություններին սահմռկեցուցիչ նմանությամբ։Սա հիպոթետիկ հարց չէ։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության կոնվենցիայի[1] 2-րդ հոդվածի (բ) կետով սահմանված իրավական սահմանմանը։ Եվրոպական խորհրդարանը, Genocide Watch-ը և Լեմկին ինստիտուտը համաձայն են։ Ուրեմն ինչո՞ւ է Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս հրաժարվում իրերն անվանել իրենց անուններով։
Ավելին՝ Ադրբեջանի հարձակումը չի ավարտվել միայն բռնի տեղահանությամբ։ 23 հայեր, որոնցից շատերը քաղաքացիական անձինք կամ նախկինում Արցախի Հանրապետության ընտրված պաշտոնյաներ են, շարունակում են պահվել Բաքվում՝ ահաբեկչության կեղծ մեղադրանքներով։ Նրանցից մեկը առևանգվել է Կարմիր Խաչի ավտոշարասյունից։
Նրանց նկատմամբ կիրառվող վերաբերմունքը՝ մեկուսացված պահում, բժշկական օգնության մերժում և հարկադրական խոստովանություններ, փաստագրված է մարդու իրավունքների կազմակերպությունների և նախկին կալանավորների կողմից։ Նրանք զրկված են արդար դատաքննության իրավունքից։ Մի քանի օր առաջ Ադրբեջանը արտաքսեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ICRC)՝ միակ կառույցը, որը հասանելիություն ուներ գերիներին։ Կարմիր Խաչի հետ միասին արտաքսվեցին նաև BBC֊ի Ադրբեջանի ծառայությունը և այլ վստահելի լրատվամիջոցներ։
Սա պատահականություն չէր․ դա կանխամտածված փորձ էր՝ կտրելու վերջին մարդասիրական կապը և վերացնելու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ հսկողությունը։ Սա առաջին անգամը չէ, երբ հայերին լռեցնում են։ Ադրբեջանը տարիներ շարունակ զբաղվել է հայկական պատմության խեղաթյուրումով՝ ոչնչացնելով հնագույն եկեղեցիներ և գերեզմանոցներ, ինչպես նաև ժխտելով Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, Ադրբեջանը սերունդների մոտ սերմանել է ատելություն․ դպրոցականներին սովորեցնում են, թե հայերն իրենց թշնամիներն են, իսկ հայերի սպանության համար դատապարտված անձինք ներման են արժանացել, հերոսացվել և նյութապես պարգևատրվել։
Եկեք հստակ լինենք. սա «հակամարտություն» չէ։ Սա պետության կողմից հովանավորվող ապամարդկայնացման և վերացման արշավի գագաթնակետն է։ Ինչպես նախկին ցեղասպանությունների դեպքում՝ Ռուանդայից մինչև Բոսնիա, նախազգուշացնող նշանները ակնհայտ էին, սակայն աշխարհը գրեթե ոչինչ չարեց միջամտելու համար։ Եթե սա գործողության պահը չէ, ապա ե՞րբ է լինելու այդ պահը։ Միացյալ Թագավորությունը Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրող կողմ է։
Այդ ստորագրությունը խորհդանշական չէ. այն մեզ պարտավորեցնում է կանխել, պաշտպանել և պատժել։ Սակայն մենք ձախողել ենք՝ էթնիկ զտումը չանվանելով իր անունով, չկիրառելով պատժամիջոցներ ռազմական հանցագործությունների համար պատասխանատու Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ և ձախողել ենք զոհերի հանդեպ մեր պարտքը՝ խոսելով կեղծ հավասարության լեզվով»,- մասնավորապես նշված է բրիտանական պարբերականի հոդվածում:
Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը։ Սա հնարավորություն է ստեղծում միջազգային հաշվետվողականության համար։
«Այժմ հնարավոր է դարձել ձերբակալության օրդերների արձակումը ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Սակայն արդարադատությունը պետք է լինի ոչ միայն հետադարձ, այլև կանխարգելիչ։
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ պահանջի 23 հայ կալանավորների ազատ արձակումը, ապահովի միջազգային դիտորդների վերադարձը Ադրբեջան և հետևողականորեն պահանջի բռնի տեղահանվածների վերադարձը։ Առանց այս քայլերի իրավունքի գերակայությունը վերածվում է դատարկ հռետորաբանության։ Կարևոր է նշել, որ գերիների ազատ արձակումը միայն արդարության հարց չէ, այն խաղաղության նախապայման է։ Հայաստան-Ադրբեջան ցանկացած համաձայնություն չի կարող կայուն լինել, քանի դեռ Բաքվում անմեղ մարդիկ պահվում են որպես պատանդներ։ Նրանց ազատությունը զիջում չէ․ դա բարի կամքի փորձաքար է և հաշտեցման անհրաժեշտ հիմք։Երբ մեկ տարի առաջ Լոնդոնի Հայ առաքելական եկեղեցում հանդես եկա արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի հիշատակին նվիրված առաջին դասախոսությամբ, հարց ուղղեցի՝ արդյո՞ք միջազգային իրավունքը դեռ կարևորություն ունի։ Եթե պատրաստ ենք այն կիրառել, ապա պատասխանը պետք է լինի հստակ և վստահ՝ «այո»։
Ձախողումը այս հարցում կնշանակի, որ ուժն է սահմանում իրավունքը, և որ 1915թ.-ի, 1945թ.-ի ու 1994թ.-ի դասերը ոչինչ չեն նշանակում։ Դա կխրախուսի բռնապետերին, կլռեցնի վերապրածներին և «այլևս երբեք» արտահայտությունը կդարձնի ընդամենը պատմական ձևականություն։
Թող մեր սերնդի մասին չասվի այն, ինչ Հիտլերն էր ժամանակին հարցրել․ «Ի վերջո, այսօր ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը»։Ժամանակն է, որ մենք հիշենք»,- եզրափակվում է The Telegraph-ի հոդվածը: