
Ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո Մենիլոն հանդես կգա երևանյան մենահամերգով

«Առնո Բաբաջանյան» համերգասրահն ապրիլի 25-ին կհյուրընկալի մոդեռն դաշնակահար և իմպրովիզատոր Թիբո Մենիլոյին (Ֆրանսիա)։ Երևանյան համերգին երաժիշտը կներկայացնի իմպրովիզացիոն կատարումներ՝ ոգեշնչված Բախից, Ռավելից, Դեբյուսիից, Մեսիանից, Սկարլատիից, Կոմիտասից, Գյուրջիևից, Սթիվ Ռայխից և Քեյթ Ջարեթից։
Մենիլոն հայտնի է իր ինքնատիպ ու չկրկնվող երաժշտական մոտեցումներով․ նա հրաշալի համադրում է դասականը ջազ երաժշտության հետ։ Լինելով հայտնի ջազ դաշնակահար, սերունդների ուսուցիչ համարվող Ռոժե Մենիլոյի թոռը՝ Թիբո Մենիլոն ժառանգել է պապի տաղանդն ու ավելի կատարելագործել իր երաժշտական ունակությունները:
Արդյունքում ձևավորել է իր ուրույն ստեղծագործական ձեռագիրը։ Նրա երաժշտությունը կրում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Ջոն Կոլթրեյնը, Թելոնիուս Մոնքը, Կիթ Ջարեթը, Չիկ Կորեան ու Բիլ Էվանսը։
Թիբո Մենիլոն իր ելույթներում համադրում է զգացմունքն ու տեխնիկան։ Դաշնամուրի միջոցով նա ոչ միայն կատարում է երաժշտական ստեղծագործություններ, այլև կարծես ներկայացնում է պատմություններ՝ հանդիսատեսին տանելով յուրահատուկ հոգևոր ճանապարհներով։
Նրա իմպրովիզացիաները երաժշտության լեզվով մատուցվող պատումներ են մարդկանց ու տիեզերքի մասին։ Հայաստանում նա առաջին անգամ համերգով հանդես է եկել 2023-ի հունիսին։
2025-ի ապրիլի 18-ին Մենիլոն փայլուն համերգ է ունեցել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում՝ արժանանալով ներկաների ջերմ ընդունելությանը։
Հատկանշական է դաշնակահարի ամուր կապը Հայաստանի հետ․ նրա կինը հայուհի Արմինե Օհանյանն է, որը Ֆրանսիայում ստեղծագործող հագուստի դիզայներ է և լայն ճանաչում ունի ֆրանսիական նորաձևության ասպարեզում։
Ապրիլի 25-իին կայանալիք համերգը Հայաստանի հանդիսատեսի համար ևս մեկ հնարավորություն է բացահայտելու Թիբո Մենիլոյի եզակի երաժշտական աշխարհը։